2025 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում 2500 քաղաքացու արդեն տրամադրվել է փոխհատուցում՝ ԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց՝ ընդհանուր մոտ 490 միլիոն դրամի չափով, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Այդ նպատակով 2025 թ․ պետական բյուջեով նախատեսվել է մեկ միլիարդ դրամ, որը նախատեսվում է տրամադրել մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ծնված շուրջ 5000 շահառուի։
Նշվել է, որ 2025 թվականին փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև այն քաղաքացիները, ովքեր ծնվել են մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև դեպքերում, երբ ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ կյանքի ընթացքում։
Փոխհատուցման գործընթացում ընդգրկվելու համար ավանդատուն պետք է անձամբ կամ իր օրինական ներկայացուցչի (կամ լիազորված անձի) միջոցով դիմի Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրում գործող տարածքային կենտրոն, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը․
․ անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
․ հանրային ծառայությունների համարանիշ կամ՝ այդ տվյալը չունենալու մասին տեղեկանք,
․ խնայողական գրքույկ (առկայության դեպքում),
․ «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված տեղեկանք՝ ավանդատուի բանկային հաշվեհամարի 1993 թ․ հունիսի 10-ի դրությամբ առկա մնացորդի վերաբերյալ,
․ անհրաժեշտության դեպքում՝ այլ համապատասխան փաստաթղթեր։
Փոխհատուցման իրավունք ունեն նաև հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիները․
– նրանք, ովքեր մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին, այդ թվում՝ եթե ավանդը ներդրել է մահացած ամուսինը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
– այն անձինք, ովքեր 2014 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված են եղել սահմանամերձ բնակավայրերի բնակչության ռեգիստրում՝ ըստ կառավարության համապատասխան ցանկի, ինչպես նաև այդ բնակավայրերից զորակոչված և այդ պահին պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվողները,
– զոհված (մահացած), մարտական առաջադրանք կատարելիս զոհված կամ անհայտ կորած զինծառայողների, կամավորների անունով բացված ավանդների օրինական ժառանգները։






