Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված 50 մլն եվրոյի համաձայնագիրը միտված է Սյունիքում ենթակառուցվածքների զարգացմանը։ Այդ մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է անցկացրել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Քսավիե Բեթելի, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի, հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինոյի և փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ։
Հանդիպումների ժամանակ կարևորվել է Հայաստան–ԵՄ քաղաքական երկխոսության նոր, ավելի խորացված փուլի մեկնարկը։ Քննարկման առանցքում եղել են Հայաստան–ԵՄ համագործակցության հնարավորությունները, ՀԸԳՀ համաձայնագրի իրականացման ընթացքը, վիզաների ազատականացման հետագա քայլերը, թվային փոխակերպման ուղղությամբ ձեռնարկված նախաձեռնությունները, ինչպես նաև ԵՄ «Դիմակայունության և աճի պլանի» շրջանակում համատեղ ծրագրերի գործարկումը։
Շեշտադրվել է նաև Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական ու առևտրային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ ներառյալ առևտրի դիվերսիֆիկացումը, որակի ենթակառուցվածքների կատարելագործումը և ներդրումային նախագծերի զարգացումը։ Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախաձեռնություններին, մասնավորապես՝ Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ ռազմավարական մոտեցման ներքո։ Փոխվարչապետ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» գաղափարն ու դրա տնտեսական և տարածաշրջանային հետևանքները՝ ընդգծելով դրա փոխկապակցվածությունը ԵՄ «Global Gateway» նախաձեռնության և կայուն զարգացման նպատակների հետ։
Այցի ընթացքում Եվրոպական ներդրումային բանկի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» անվանումով 50 մլն եվրոյի վարկային պայմանագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։ Ծրագիրն ուղղված է Սյունիքի մարզի տնտեսական առաջընթացին ու ենթակառուցվածքների վերականգնմանը՝ ներառյալ ջրամատակարարումը, առողջապահական ու կրթական ոլորտները, ինչպես նաև տեղահանվածների և նրանց ընդունող համայնքների կարիքների ապահովումը և բարեկեցիկ կենսապայմանների ձևավորումը։






