Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։
Նախարարությունից փոխանցել են, որ արտերկրից ներկրվող ծաղիկների ծավալները չնչին են՝ համեմատած ՀՀ-ից Ռուսաստան արտահանվող ծաղիկների քանակի հետ, և ներմուծման հիմնական մասը կազմում են սածիլները, հայտնում է Արմենպրեսը։
Նախարարությունը մեկնաբանել է այն լուրերը, թե ՌԴ ծաղիկների ներմուծման սահմանափակման պատճառը Հայաստանում ծաղիկների չարտադրվելու հանգամանքն է, իսկ իրականում տնտեսավարողները ներմուծում են ծաղիկներ ու պարզապես վերաարտահանում։ Վերջերս կառավարական շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ծաղիկ վաճառողներից մեկը հայտարարել է, թե իրենք ծաղիկներ են ներմուծում Հոլանդիայից։
«Ի պատասխան Ձեր հարցի՝ տեղեկացնում ենք, որ Հոլանդիայից Հայաստան ներմուծվող ծաղիկի քանակները չնչին են ՀՀ-ից ՌԴ արտահանվող քանակների նկատմամբ և հիմնականում ներկրվում են սածիլներ։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցացար/ծաղկավաճառը ևս միայն ծաղիկների ներկրված սածիլների մասին է խոսել, ինչը թյուրըմբռնման տեղիք է տվել։ Ներկրված սածիլներից Հայաստանում արտադրվում են ծաղիկներ և արդեն ծաղկի տեսքով արտադրանքը արտահանվում է։ Որպես վառ ապացույց նշենք մեկ թվային տվյալ՝ միայն 2025 թվականի հունվարի 1–ից մինչև հուլիսի 20-ը ՀՀ-ից ՌԴ է արտահանվել ավելի քան 38 միլիոն հատ ծաղիկ, իսկ տարբեր երկրներից ներմուծված կտրված ծաղիկների թիվը կազմում է մոտ 300 հազար հատ։ Այսինքն` չնչին տոկոսը, որը որևէ առնչություն չունի ՌԴ արտահանվող ծաղիկների հետ»,–ասվում է նախարարության պատասխանի մեջ։
Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։ Այդ սահմանափակումները դժգոհություն են առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում, որոնք կազմակերպել են բողոքի ակցիաներ՝ պահանջելով լուծում առաջարկել խնդրին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է, թե որոնք են Ռուսաստանի կողմից սահմանված այդ սահմանափակումների պատճառները։






