AM
23 Հուլիս 2025 - 13:20 AMT

ՀՀ կառավարություն. Periodista Digital-ի ապաշրջափակման մասին հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ

Հայաստանի կառավարությունը հերքել է Periodista Digital կայքի հրապարակումը Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ` նշելով, որ «հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ»։

Ըստ կայքի՝ «ՀՀ–ն, Ադրբեջանն ու ԱՄՆ–ն համաձայնության են եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում»։

«Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։

Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։

Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ ս/թ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը։

Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից»,–ասվում է ՀՀ կառավարության մեկնաբանության մեջ։

Ըստ Periodista Digital-ի՝ «Փոխըմբռնման հուշագիր» է կնքվել «Թրամփի կամրջի» տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը կպահպանի իր ինքնիշխանությունը Սյունիքի նկատմամբ, սակայն, տրանսպորտային միջանցքը կառավարվելու է ԱՄՆ մի մասնավոր ընկերություն, որը ստացել է համապատասխան արտոնագիր։