AM
23 Հուլիս 2025 - 14:45 AMT

ՀՀ–ն և Հունաստանը կհամագործակցեն մշակույթի ոլորտում․ Համաձայնագիր է ստորագրվել

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպում է ունեցել Հունաստանի մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի հետ։ Նախարարը ներկայացրել է մշակույթի ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները՝ առանձնահատուկ կարևորություն տալով բազմաբնույթ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Քննարկվել են ոլորտային փոխանակման ծրագրերի, թանգարանների միջև համագործակցության, մշակույթի օրերի կազմակերպման, համատեղ ցուցահանդեսների և կինոնախագծերի իրականացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման և կառավարման ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։

Հանդիպումից հետո ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես, ստորագրվել են Մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր, Մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխման համաձայնագիր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սալոնիկի Մեգարոն համերգասրահի միջև համագործակցության հուշագիր, ինչպես նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հունաստանի կինոկենտրոնի միջև համագործակցության հուշագիր։

Ժաննա Անդրեասյանն ու Ստիլիանի (Լինա) Մենդոնին ընդգծել են իրենց վստահությունը, որ ստորագրված փաստաթղթերը նոր բովանդակություն կհաղորդեն հայ-հունական մշակութային փոխհարաբերություններին ու կնշեն համագործակցության նոր ուղիների սկիզբ։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։