AM
24 Հուլիս 2025 - 11:54 AMT

Անհուսալի վարկեր ունեցողների տնտեսական ակտիվության խթանման միջոցառումները կշարունակվեն

Կառավարությունը որոշում է կայացրել շարունակել տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը այն քաղաքացիների համար, որոնց վարկային պարտավորությունները դասակարգվել են որպես անհուսալի։ Ծրագիրը վերաբերում է այն անձանց, ում բոլոր վարկերն առնվազն երեք տարի համարվել են անհուսալի, և այդ վարկերի մայր գումարը չի գերազանցում 1 միլիոն դրամը կամ համարժեք արտարժույթը։

Աջակցությունն իրականացվում է հետևյալ ձևով՝ շահառուներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, որը գանձվում է նրանց աշխատավարձից կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված եկամտից։ Այս գումարը ուղղվում է անհուսալի վարկային պարտքի մարմանը։

Ֆինանսական աջակցությունը գործում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած հաջորդ ամսվա 1-ից, երբ անձը ճանաչվում է շահառու, սակայն ոչ ավելի երկար, քան մինչև պարտքի ամբողջական մարում կամ ծրագրից դուրս մնալու սահմանված պայմանների ի հայտ գալը։ Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 205 միլիոն դրամ՝ 2025 թվականի հունիս և հուլիս ամիսների աջակցությունը շարունակելու նպատակով։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ակնկալվում է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների 350 աշխատունակ անձանց եկամտով ապահովում, աշխատանքի շուկա մուտքի և զբաղվածության հասանելիության հնարավորությունների մեծացում, զբաղվածություն ունենալու նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, համայնքային ենթակառուցվածքների զարգացում, սոցիալական լարվածության նվազեցում։

Ըստ այդմ՝ իրականացվում է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման» ծրագիրը: Գործատուն ծրագրում ընդգրկված անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր և մեկ մարդ/օր աշխատանքի համար գործատուին տրամադրվում է 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։ Որոշմամբ ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 128,625,000 դրամի չափով ֆինանսական միջոց։

Միայն 2025 թվականի փետրվարին շահառու է ճանաչվել 1896 քաղաքացի, որոնց պարտքերի մարումը մարտին ապահովելու համար տրամադրվել է մոտ 70.6 միլիոն դրամ։ Մարտ ամսին շահառու է ճանաչվել 2295 անձ, որոնց ապրիլյան մարումների համար հատկացվել է շուրջ 86.4 միլիոն դրամ։ Ապրիլին էլ շահառու են դարձել 2866 անձ, և նրանց մայիսյան վճարումների համար պահանջվել է մոտ 103.2 միլիոն դրամ։