AM
25 Հուլիս 2025 - 08:52 AMT

Վրաստանի Գեզիից Լարս է ուղևորվել հայկական կոնյակով 88 բեռնատար

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել հայկական կոնյակով 88 բեռնատար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Միայն վերջին 2 օրում վրացական Գեզի մաքսային տերմինալից դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել շշալցված կոնյակով բեռնված 88 բեռնատար»,- ասվում է գրառման մեջ։

Մինչ այդ Պապոյանը հրապարակել էր նաև ծիրանի արտահանման վերաբերյալ թվեր։ Նա հայտնել էր, որ հունիսի 1-ից հուլիսի 24-ը ՌԴ տարածք է մտել 2240 ծիրանով բեռնված բեռնատար, ևս 35-ը ճանապարհին են։

Ավելի վաղ հայ կոնյակագործները դժգոհում էին, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար ՝ պնդելով, որ լաբորատոր ստուգումներ պետք է իրականացվեն հենց Վրաստանում։ Արդյունքում մարդիկ ստիպված են մի քանի շաբաթ կանգնել հայ-վրացական սահմանի անցակետի մոտ։

2024 թվականին «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում պետությունն աջակցություն է տրամադրել 3 շահառուի, արդյունքում արտահանվել է 7.5 մլն լիտր կոնյակի սպիրտ: