ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպած սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրի ստորագրմանը։ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն, անդրադառնալով այդ որոշմանը, ասել է, որ այս նախագիծը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկան արտասահմանյան ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ:
«Հայաստանի ֆոնդային բորսան բարձր է գնահատում այն նախաձեռնությունները, որոնք ֆինանսական նոր գործիքներ և հնարավորություններ են ստեղծում երկրի կապիտալի շուկայի զարգացման համար: Նախագծի ընդունման դեպքում կխթանվի նոր ներդրողների ազատ և անարգել մուտքը հայաստանյան ֆինանսական շուկա՝ ապահովելով ավելի մեծ իրացվելիություն և գործարքների ծավալի աճ»,- նշել է Հայկ Եգանյանը, հայտնում է Արմենպրեսը։
Ըստ Եգանյանի՝ նախաձեռնությունը միաժամանակ լուծում է երկու կարևոր հարց՝ ԵԱՏՄ երկրների բրոքերների համար Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող պետական և կորպորատիվ արժեթղթերի հասանելիություն և հայկական քաղաքացիների՝ ԵԱՏՄ անդամ երկրների բորսաներում առկա արժեթղթերին հասանելիություն։ Նրա խոսքով՝ բրոքերների թվի աճը կապահովի շուկայի ավելի մեծ իրացվելիություն։
Եգանյանը նաև ընդգծել է, որ համաձայնագրի այս նախագիծը՝ Հայաստանի և Աբու Դաբիի բորսաների համագործակցությանը (TABADUL HUB հարթակի միջոցով) զուգահեռ, ևս մի քայլ է ուղղված կապիտալի շուկան արտասահմանյան ներդրողների համար գրավիչ դարձնելուն։
Ըստ նախագծի՝ այն կընձեռի հնարավորություն ՀՀ ռեզիդենտ բրոքերներին և դիլերներին ձեռք բերել ԵԱՏՄ անդամ երկրների բորսաներում առկա արժեթղթեր ու ածանցյալ գործիքներ՝ այդ թվում՝ արժութային, ինչպես ՀՀ ռեզիդենտ հաճախորդների, այնպես էլ ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրների ռեզիդենտների համար։ Միևնույն ժամանակ, ՀՀ բորսայում շրջանառվող արժեթղթերին հասանելիության տրամադրումը ԵԱՏՄ անդամ պետությունների ներդրումային ծառայություններ մատուցող սուբյեկտներին կնպաստի ներդրումների ներգրավմանը։
Նախագծի նպատակն է ոչ ռեզիդենտ բրոքերների և դիլերների միջնորդությամբ ԵԱՏՄ անդամ երկրների ոչ ռեզիդենտ հաճախորդների համար ապահովել մուտք ԵԱՏՄ անդամ պետությունների ֆոնդային բորսաներ։ Այսինքն՝ նրանց հնարավորություն կընձեռվի անմիջականորեն, առանց միջնորդների, ձեռք բերել անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր ու ածանցյալ գործիքներ։
ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրում՝ «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» բաժնի շրջանակում, նախատեսվել են քայլեր ուղղված արժեթղթերի շուկայի ակտիվացմանը և զարգացմանը։
Իսկ 2020 թվականի հուլիսի 16-ին կառավարության որոշմամբ հաստատված «Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» համաձայն, որպես միջոցառում նախատեսվել է օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող սուբյեկտների ներգրավում հայաստանյան շուկա, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետություններից։
Նշված համաձայնագրի նախագիծը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի ապրիլի 29-ին։ Որոշման հիմնավորման մեջ արձանագրվել է, որ այս փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը բխում է ԵԱՏՄ շրջանակում միասնական ֆինանսական շուկա ձևավորելու նպատակից, և այս նախաձեռնությունը այդ նպատակի իրագործման միջոցառումներից մեկն է։






