AM
25 Հուլիս 2025 - 11:49 AMT

Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք է եղել

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ BOLD LLC (Bold.com- հնարավորություն է տալիս ստեղծել ռեզյումեներ) ընկերությունում տեղի է ունեցել տվյալների արտահոսք, որի մասին ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։

Արտահոսած տվյալները վերաբերում են Հայաստանից 382 անձի, հայտնում է Radar Armenia-ն։

Արտահոսքը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 10-ին, սակայն հայտնաբերվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին։ Արտահոսած տվյալները ներառում են օգտատերերի կողմից հարթակում ստեղծված և պահված ռեզյումեները։ Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ դրանք ստատիկ ֆայլեր են, որոնք մուտք չեն ապահովում օգտատերերի հաշիվներին կամ մուտքի հավատարմագրերին։

Ռեզյումեների բովանդակությունը կարող է պարունակել ինչպես հիմնական նույնացուցիչներ, այնպես էլ լրացուցիչ անձնական տվյալներ՝ կոնտակտային տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն և այլն։

Խորհուրդ է տրվում․ վերանայել նշված հարթակում պահվող տեղեկությունները, զգուշանալ հնարավոր ինքնության գողության կամ տվյալների չարաշահման փորձերից։