AM
25 Հուլիս 2025 - 13:00 AMT

Հայկական DeepSat տիեզերական ստարտափը պայմանագիր է կնքել ամերիկյան Redwire Corporation-ի հետ

Տիեզերական հետազոտություններով զբաղվող հայկական DeepSat ստարտափը տեղեկացնում է, որ ամերիկյան Redwire Corporation-ի հետ կնքել է բազմափուլ պայմանագրի առաջին փուլը։

Համաձայն պայմանագրի, ամերիկյան կորպորացիան կտրամադրի առաջադեմ մոդելավորման, սիմուլացիայի և նախագծման ծառայություններ, որոնք հայկական ստարտափը կօգտագործի իր ձեռնարկած երկակի նշանակության շատ ցածր ուղեծրով (Very Low Earth Orbit) արբանյակային համաստեղության ստեղծման գործում, հայտնում է DeepSat-ը։

Redwire-ը շուկայում 2.48 միլիարդ դոլար արժեք ունեցող առաջատար ավիատիեզերական ընկերություն է։ Այն կառուցում է ապագա տիեզերական ենթակառուցվածքներ, ավտոնոմ համակարգեր ու բազմադոմենային գործառույթներ՝ թվային ինժեներություն և AI ավտոմատացում օգտագործելով։

DeepSat-ը վաղ փուլի ստարտափ է, որը գործում է ԱՄՆ-ում և Հայաստանում, որի նպատակն է կառուցել իրական ժամանակում Երկրի դիտման արբանյակային համաստեղություն, որը գործում է Երկրի շատ ցածր ուղեծրում (VLEO):