ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց՝ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9 մլրդ 668.6 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 45 տոկոսով պակաս է։
2025-ի հունիսին արտաքին առևտրի ծավալը մայիսի համեմատ աճել է 9.4 տոկոսով, սակայն 2024-ի հունիսի համեմատ արձանագրվել է 16.6 տոկոս նվազում։ Ամռան առաջին ամսում արտաքին առևտրաշրջանառությունն հասել է 1 մլրդ 731.5 մլն դոլարի, հայտնում է Արմենպրեսը։
Տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումը կազմել է 3 մլրդ 755.6 մլն դոլար, ինչը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 52.8 տոկոսով։ Միայն հունիսին արտահանման ծավալը կազմել է 729.8 մլն դոլար՝ մայիսի համեմատ աճելով 23.6 տոկոսով, սակայն անցած տարվա հունիսի համեմատ նվազելով 15.9 տոկոսով։
Ներմուծման ծավալներն այս տարվա առաջին վեց ամսում կազմել են 5 մլրդ 913 մլն դոլար, ինչը 38.6 տոկոսով պակաս է 2024-ի նույն ամիսների ցուցանիշից։ 2025-ի հունիսին ներմուծումն հասել է 1 մլրդ 001.7 մլն դոլարի՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 0.9 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատ գրանցվել է 17.1 տոկոս նվազում։
Հայկական դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 391.31 դրամ՝ հունվար-հունիսին, իսկ հունիսին՝ 384.22 դրամ։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ալթայում ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպման ուշադրության կենտրոնում է եղել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նվազման հարցը։ Նա հավելել է, որ ՌԴ–ին մտահոգում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կրճատումը։ Քննարկվել է, թե ինչ է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի այս ոլորտում իրավիճակը բարելավվի։






