«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ընկերության Էլեկտրատնտեսության շատ սարքավորումներ սպառել են իրենց օգտագործման ողջ ռեսուրսը և պիտանիության ժամկետները, ընկերությունում իսպառ բացակայում են օպերատիվ կառավարման և տեղի ունեցող վթարների առկայության մասին տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ ավտոմատ տելեհաղորդման ժամանակակից միջոցները:
Ակնհայտ է, որ այս իրավիճակը հետևանք է տարիներ շարունակ վարած կառավարման սխալ քաղաքականության և/կամ ցանցի վերազինմանն ուղղված նախաձեռնությունների գրեթե իսպառ բացակայության, ինչի արդյունքներն զգացվում են արդեն այսօր՝ հաճախակի դարձած վթարային անջատումներով և դրանց վերացմանն ուղղված անհետաձգելի գործողությունների ժամանակատարությամբ և ընդգրկումով:
Այս պայմաններում, եթե առաջացած վթարները և էլեկտրամատակարարման խաթարումները պայմանավորված չեն մարդածին սխալներով (սարքավորումների և մալուխների վնասում, հենասյուների և ենթակայանների հրկիզում և այլն), ապա «ՀԷՑ» ՓԲԸ-ի օպերատիվ տեխնիկական անձնակազմերը 24-ժամյա աշխատանքային ռեժիմով իրականացվող հերթապահության շնորհիվ հնարավորինս արագ արձագանքում են դրանց և սեղմ ժամկետում ձեռնամուխ լինում էլեկտրամատակարարման վերականգմանը:
Մնացած բոլոր դեպքերում իրականցվող անհետաձգելի վերականգնողական աշխատանքները կարող են օբյեկտիվորեն ավելի երկար ժամանակ պահանջել, ինչի համար հայցում ենք Ձեր բոլորի ըմբռնումը և ներողամտությունը:»,–ասվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 23-ին գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը տեղեկացրել է, որ նրա ընտանիքն արբիտրաժային հրատապ գործով հաղթել է ՀՀ կառավարության դեմ։ Ի պատասխան՝ գործադիր մարմինը արձագանքել է միջազգային դատարանի վճռին՝ շեշտելով, որ բոլոր սուբյեկտները պետք է առաջնորդվեն ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային պայմանագրերով, որոնք սահմանում են արբիտրաժային ակտերի ճանաչման ու կիրարկման կանոնները։
Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ելնելով կառավարության հաղորդումից, վարույթ է նախաձեռնել ՀԷՑ-ի նկատմամբ և ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, որը կադրային փոփոխություններ է արել ղեկավար կազմում։






