AM
26 Հուլիս 2025 - 09:04 AMT

ՀԲ ամփոփումը ՀՀ մասին․ Տնտեսական աճ, գնաճի մեղմացում, արտահանման անկում

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման մայիս և հունիս ամիսների ամփոփագիրը` ընդհանուր առմամաբ արձանագրելով տնտեսական աճ, գնաճի մեղմացում, արտահանման անկում:

Ըստ հաշվետվության՝ մայիսին տնտեսական ակտիվության աճը հասել է 10.4 տոկոսի՝ նախորդ ամսվա 5.4 տոկոսի դիմաց, իսկ հունվար-մայիսին կուտակային աճը կազմել է 5.7 տոկոս։ Աճը հիմնականում պայմանավորված է եղել շինարարության ծավալների (22.2 տոկոս) և առանց առևտրի ծառայությունների ոլորտի (10.8 տոկոս) ուժեղացված աճով։

Թեև արդյունաբերության համընդհանուր ծավալը նվազել է 5.9 տոկոսով, հանքարդյունաբերությունն արձանագրել է 17.9 տոկոս աճ։ Մշակող արդյունաբերության կրճատումը կազմել է 13.5 տոկոս, ինչը կապված է ալկոհոլային խմիչքների արտադրության 9 տոկոս անկման և գունավոր մետաղների արտադրության մոտ 70 տոկոս կրճատման հետ՝ նախորդ տարվա բացառիկ բարձր ցուցանիշների համատեքստում։

Իրավաբանական անձանց գրանցման ցուցանիշը մայիսին նվազել է 6.9 տոկոսով՝ պայմանավորված թե՛ անհատ ձեռնարկատերերի (7.6 տոկոս), թե՛ ՍՊԸ-ների (4.7 տոկոս) գրանցումների անկմամբ։

Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մայիսին աճել են 19.5 տոկոսով։ Աճի հիմնական շարժիչը եղել է Ռուսաստանից ուղարկված փոխանցումների ընդլայնումը՝ 48.3 տոկոս, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքերը փոքր-ինչ նվազել են։

Հունիսին ընդհանուր գնաճը մեղմվել է մինչև 3.9 տոկոս՝ մայիսի 4.3 տոկոսի դիմաց։ Գնաճի հիմնական աղբյուրներն են եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 6.2 տոկոս աճը, ինչպես նաև կրթության ոլորտի շարունակաբար բարձր գնաճը՝ 7.8 տոկոս։ Հունիսի 17-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75 տոկոս՝ գնահատելով այն արդյունավետ գնաճի վերահսկման առումով։

Մայիսին արտահանումն անկել է 39.3 տոկոսով՝ ապրիլի 56.6 տոկոսի դիմաց, իսկ ներմուծման ծավալը նվազել է 20.4 տոկոսով՝ ապրիլի 41.1 տոկոսի անկումից հետո։ Արտահանման անկման հիմնական պատճառն եղել է թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտահանման կրճատումը՝ 69.2 տոկոսով։ Տրանսպորտային միջոցների արտահանումը ևս կրճատվել է՝ 70.7 տոկոս։

Արտահանման կառուցվածքում որոշ ապրանքատեսակներ գրանցել են աճ՝ պատրաստի սննդամթերքը՝ 21 տոկոս, տեքստիլը՝ 55.2 տոկոս, հանքանյութերը՝ 14.2 տոկոս։ Ներմուծման ոլորտում թանկարժեք մետաղների ներմուծումը նվազել է 61.4 տոկոսով, սակայն գյուղատնտեսական մթերքի, յուղերի և սննդամթերքի ներմուծումը համապատասխանաբար աճել են 54, 37 և 35 տոկոսով։

Առանց թանկարժեք քարերի վերաարտահանման ցուցանիշների՝ արտահանումը և ներմուծումը մայիսին աճել են համապատասխանաբար 9.2 և 14.3 տոկոսով։ Սակայն հունվար-մայիսին ընդհանուր արտահանումն ու ներմուծումը նվազել են 57.4 և 42 տոկոսով՝ ընդլայնելով առևտրային դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 7 տոկոս։

Հունիսին համախառն միջազգային պահուստները ավելացել են 145 միլիոն դոլարով՝ կազմելով 4 միլիարդ, ինչը համարժեք է 3.1 ամսվա ներմուծման ծածկույթի։ ՀՀ դրամը հունիսին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.1 տոկոսով, եվրոյի նկատմամբ՝ 3.7 տոկոսով, սակայն տարվա սկզբից դոլարի նկատմամբ արժևորվել է 3 տոկոսով։

Մայիսին առևտրային բանկերի դրամային ավանդներն ու վարկերը աճել են համապատասխանաբար 1 և 1.3 տոկոսով, իսկ փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը կազմել է 13.6 և 27.9 տոկոս։ Վարկավորման աճը հիմնականում պայմանավորված է սպառողական վարկերի ծավալով։

Պետական բյուջեն մայիսին գրանցել է ՀՆԱ-ի 0.8 տոկոսի պակասուրդ։ Հարկային եկամուտները աճել են 14.1 տոկոսով՝ հիմնականում ԱԱՀ-ի 17.9 տոկոս և շրջանառության հարկի 72.5 տոկոս աճի շնորհիվ։ Ծախսերն աճել են 28.2 տոկոսով՝ պայմանավորված կապիտալ և պաշտպանական ծախսերի էական ավելացմամբ։ Ընթացիկ ծախսերը աճել են համեստ՝ 3 տոկոսով, հիմնականում սոցիալական նպաստների և կենսաթոշակների հաշվին՝ 12.8 տոկոս աճով։

Մայիսին արձանագրված պակասուրդը հունվար-մայիս ժամանակահատվածում բյուջեի աճողական պակասուրդը հասցրել է ՀՆԱ-ի 0.2 տոկոսի։