AM
28 Հուլիս 2025 - 12:03 AMT

Արեյան․ Գույքագրվել են հեղեղատար համակարգեր չունեցող հատվածները՝ 10 մլրդ դրամից ավելի կպահանջվի

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրել է hուլիսի 25-ին մայրաքաղաքում արձանագրված հորդառատ անձրևից հետո տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակն ու մշակված լուծումները։

Նրա խոսքով՝ մոտ 20 րոպեում տեղացած տեղումների քանակը գերազանցել է հուլիսի միջին նորման ավելի քան երկու անգամ, հայտնում է Panorama.am-ը։

«Անձրևի դադարից մոտ 10-15 րոպե հետո ջրականգ չկար մայրաքաղաքում, ամբողջ ծավալը համակարգը քաշել էր, բայց ինտենսիվությունը և տեղումների առատությունը հանգեցրեցին որոշակի խնդիրների, ջրային կուտակումներ և դժվարանցանելի տեղանքների 20 դեպք է գրանցվել մայրաքաղաքում»,- հայտնել է Կամո Արեյանը։

Նրա խոսքով՝ առավել խոցելի են եղել Հաղթանակ կամուրջի հատվածը, Քրիսթափորի փողոցի մետրոպոլիտենի կամրջի տարածքը և «Գործարանային» մետրոյի մերձակայքը, իսկ ամենախնդրահարույց փողոցներն են Գյուրջյան և Օրբելի փողոցները։

Արեյանը նաև նշել է, որ գրանցվել են 15 ծառերի և ճյուղերի տապալման, 25 էլեկտրական մալուխների բռնկման, 5 տանիքների ու ջրհորդանների խափանման, ինչպես նաև 4 քարաթափման և փլուզման դեպքեր։

Նրա հավաստմամբ՝ արդեն կատարվել է քաղաքում հեղեղատար համակարգից զրկված հատվածների գույքագրում, և պատրաստվել են վերականգնման ենթակա վայրերի նախագծանախահաշվարկային փաստաթղթերը։

«Պատրաստել ենք 50 հասցեների նախագծանախահաշվարկային փաստաթղթերը և այս պահին այդ ծավալը ֆինանսական առումով կազմում է 10 մլրդ 88 մլն դրամ՝ 52.6 կմ-ի համար»,- հայտնել է Կամո Արեյանը։

Արեյանը նաև շեշտել է, որ Հաղթանակի կամուրջի հատվածում խնդիրներն անհասկանալի են՝ նախկինում նման իրավիճակ չլինելու պարագայում։ Նա նշել է, որ ինքը հաղորդում է ուղարկել համապատասխան մասնագետներին՝ կամուրջի կոմունիկացիոն համակարգերն ուսումնասիրելու համար, գրում է Radar Armenia-ն։

«Վերակառուցման ենթակա համակարգերը 50 հասցեներում ամբողջ ծավալով գույքագրված են։ Պատվիրել ենք այդ 50 հասցեների կառուցման ու վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը։ Բոլորը պատրաստ են, անցել են փորձաքննություն»,- նշել է Արեյանը։

Նա հավելել է, որ արդեն հայտարարվել է մրցույթ որոշ հատվածների համար՝ մասնավորապես Սեբաստիա–Բագրատունյաց և Բագրատունյաց–Թամանցիներ փողոցների հատվածում՝ Գործարանային մետրոյի հարակից տարածքում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն կոյուղատար, այլև անձրևատար և հեղեղատար համակարգերի շինարարություն։

«Գույքագրումն արված է։ Կառավարության գործընկերների հետ, մասնավորապես՝ փոխվարչապետի գրասենյակի հետ խոսակցության արդյունքում, հասել ենք համաձայնության, որ բացի կոյուղատար համակարգերից, պետք է հասնենք նաև անձրևատար և հեղեղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման։ Այս տարի այս ծավալից որոշակի պետք է սկսենք»,–ասել է նա։