AM
28 Հուլիս 2025 - 13:07 AMT

2025-ին Վրաստան այցելած հայաստանցիների թիվը հասել է գրեթե 400,000-ի

TBC Capital ընկերությունը հրապարակել է 2025 թվականի առաջին կիսամյակի Վրաստանի զբոսաշրջության վիճակագրական ցուցանիշները։ Այդ ժամանակահատվածում Վրաստան այցելած հայաստանցիների թիվը հասել է գրեթե 400 հազարի։

2025-ի առաջին վեց ամիսների ընթացքում Վրաստան կատարված միջազգային այցելությունների թիվը գրանցել է 4.6% աճ՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 2.81 միլիոնի։ Դրանցից մոտ 2.27 միլիոնը կազմել են զբոսաշրջային բնույթի այցելությունները, իսկ մնացած 540 հազարը եղել են մեկօրյա, հայտնում է Radar Armenia-ն։

Ամենաշատ այցելություններ ապահոված կամ այցելությունների աճով աչքի ընկած երկրների շարքում են.

Ռուսաստան՝ 581 հազար այց (+10% տարեկան աճ)

Թուրքիա՝ 534 հազար այց (-14%)

Հայաստան՝ 391 հազար այց (+1%)

Մեծ Բրիտանիա՝ 202 հազար այց (+10%, ուղիղ չվերթների մեկնարկից հետո)

Իսրայել՝ 171 հազար այց (+36%, չնայած ժամանակավոր դադարեցված ուղիղ թռիչքներին)

Հնդկաստան՝ 76 հազար այց (+31%)

Չինաստան՝ 47 հազար այց (+42%)

Վրաստանի միջազգային զբոսաշրջությունից ստացած եկամուտները այս տարվա առաջին կեսին կազմել են 1.97 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ 3.8% աճով։ Միայն երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1.14 միլիարդ դոլար՝ գրանցելով 5% աճ։

Ամենաշատ ծախսող երկրների ցանկում են.

Ռուսաստան՝ 308 միլիոն դոլար (-17%)

ԵՄ և Մեծ Բրիտանիա՝ 277 միլիոն դոլար (+12%)

Իսրայել՝ 242 միլիոն դոլար (+38%)

Բարձր դասի հյուրանոցների ոլորտում Վրաստանում գրանցվել է զբաղվածության աճ՝ հասնելով 54%-ի, ինչը 4 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, հյուրանոցային սենյակի միջին օրական արժեքը կազմել է 126 դոլար՝ գրանցելով չնչին տարեկան անկում։