AM
30 Հուլիս 2025 - 08:24 AMT

Պապոյան․ Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է։

Ըստ նախարարի՝ վիճակագրությունն ապացուցում է, որ արտահանվող կոնյակի գերակշիռ մասը՝ 96%-ից ավելին, բարձրորակ է։

«Ինչպես գիտեք՝ Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է։

Օրինակ, երեկ Վրաստանի գործընկերները մեզ են փոխանցել հերթական տվյալները, ըստ որոնց՝ օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։ Եվս 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը։

Այս վիճակագրությանը ևս մեկ բան է ապացուցում, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին։

Շնորհակալություն եմ հայտնում մեր կոնյակագործներին համբերատարության, ըմբռնման և բարձրորակ արտադրանք թողարկելու համար։ Ի գործ»,–գրել է նա։

Ավելի վաղ հայ կոնյակագործները դժգոհում էին, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար ՝ պնդելով, որ լաբորատոր ստուգումներ պետք է իրականացվեն հենց Վրաստանում։ Արդյունքում մարդիկ ստիպված են մի քանի շաբաթ կանգնել հայ-վրացական սահմանի անցակետի մոտ։

2024 թվականին «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում պետությունն աջակցություն է տրամադրել 3 շահառուի, արդյունքում արտահանվել է 7.5 մլն լիտր կոնյակի սպիրտ: