Սկսվել են Տ-7-48 Գյումրի (Տ-7-58)–Արևիկ–Այգաբաց–Վարդաքար/Հ-21/ մարզային նշանակության ճանապարհի կմ0+000-կմ10+440 հատվածի՝ 10.4 կիլոմետրանոց շինարարական աշխատանքները։ Ծրագրի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ շինաշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 2 միլիարդ 792 միլիոն 596 հազար դրամ։
Ճանապարհը ընդգրկում է Գյումրու Նորավան թաղամասից՝ Լազոյի փողոցից մեկնարկող և Արևիկ, Այգաբաց, Վարդաքար ու Նոր Կյանք բնակավայրեր տանող տարածքը, հայտնում է Արմենպրեսը։
Մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի և աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ հետևել է մարզային նշանակության այս ճանապարհահատվածում իրականացվող շինարարությանը։ Շիրակի մարզպետը շեշտել է ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունն ու կարևորությունը։
«Արթիկից դեպի Գյումրի երկրորդ ճանապարհ ենք ունենալու՝ ամբողջությամբ ասֆալտապատ։ Արևիկ և Այգաբաց բնակավայրերը նոր ճանապարհ են ունենալու, իրականում այդ բնակավայրերը մեծ են, քանի որ մոտ 1800 բնակիչ ունի Արևիկը, մոտ 800 բանկիչ՝ Այգաբացը։ Ընդհանուրը 10․4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվելու է, երկշերտ ասֆալտ է լինելու։ Նախատեսված է նաև մայթերի կառուցում, լուսավորության ցանցերի տեղադրում։ Խոսել եմ շինարարի հետ, հորդորել եմ լինել պարտաճանաչ, որակով կառուցել և ժամկետների մեջ տեղավորվել, մարզի աշխատուժին ևս ներգրավել աշխատանքներում, որպեսզի մեր բնակիչներն աշխատանք ունենան։ Պետական միջոցներով կառուցվող ճանապարհ է, շատ կարևոր է, որ ոչ մի գումար չփոշիանա»,-նշել է մարզպետ Դավիթ Առուշանյանը։






