AM
30 Հուլիս 2025 - 09:39 AMT

«Ռոսսելխոզնադզոր»․ Ծաղկային արտադրանքի ներմուծումը ՀՀ–ից այսուհետ հնարավոր է միայն արտադրության վայրերից

Հայաստանը տարեսկզբից ի վեր 1․5 անգամ ավելացրել է Ռուսաստան պտուղ- բանջարեղենային արտադրանքի մատակարարումները՝ հասցնելով 103․4 հազար տոննայի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 69․6 հազար տոննա), և 47 տոկոսով՝ կտրված ծաղիկների մատակարարումը (ավելի քան 71․1 մլն հատ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 48․5 մլն հատ): Այդ մասին հայտնում «Ռոսսելխոզնադզորը»՝ ամփոփելով ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հանդիպումը:

Անցած ամբողջ տարվա ընթացքում առաքվել է 84․4 մլն հատ ծաղկային արտադրանք, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ռոսսելխոզնադզորն» այն ժամանակ նշել էր, որ Հայաստանի իրավասու գերատեսչության ներկայացրած տեղեկատվության վերլուծությունը ցույց է տվել, որ Ռուսաստան մատակարարվող ծաղկային արտադրանքի հայկական ծագումը չի հետագծվում, դա կարող է վկայել անորոշ կարգավիճակ ունեցող արտադրանքի մատակարարման մասին, այդ թվում՝ վտանգավոր:

Կողմերը համաձայնել են արտադրանքի մատակարարման ժամանակ պահպանել ԵԱՏՄ բուսասանիտարական պահանջները, ինչպես նաև առավել մանրամասն քննարկել են Ռուսաստան ծաղիկների մուտքի կարգը:

Պետրոսյանը վստահեցրել է, որ Հայաստանի համար ռուսական շուկան առաջնահերթ է և երաշխավորել է, որ հանրապետության պատկան մարմինը կկատարի ԵԱՏՄ պահանջները արտահանման գործընթացում։

Ներկայումս Հայաստանում ջերմատների աուդիտ է ընթանում։ Ռոսսելխոզնադզորը կստուգի ձեռնարկությունների մի մասը, մյուս արտադրողները հայաստանյան ծառայության վերահսկողության տակ կլինեն։ Համատեղ աշխատանքի արդյունքում ծաղկային արտադրանքի 14 արտադրողներ կրկին ռուսական շուկա են մուտք գործել հայ գործընկերների երաշխիքներով։

Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։

Հունիսին «Ռոսսելխոզնադզոր»-ը գրեթե ամբողջությամբ արգելափակել էր Հայաստանից ծաղիկների ներկրումը՝ հայտարարելով, որ դրանցում թրիփսեր (վնասատու միջատներ) են հայտնաբերվել։ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ բանակցությունների արդյունքում «Ռոսսելխոզնադզոր»-ը առցանց ռեժիմով սկսել է ստուգել տեղական ծաղկային ջերմոցները: