AM
30 Հուլիս 2025 - 13:05 AMT

Պետբյուջեի պակասուրդը 39.2 մլրդ է կազմել՝ դա պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և քիչ ծախսերով

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2025 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականը, համաձայն որի՝ այս ժամանակահատվածում արձանագրվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդ՝ զգալիորեն ցածր՝ ծրագրավորված 325.3 մլրդ դրամ ցուցանիշից, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարության ներկայացրած փաստաթղթում նշված է․

«Բյուջեի պակասուրդի՝ ծրագրի համեմատ ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և ծախսերի ցածր կատարողականով, որը հանգեցրել է ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցների աճի: Բացի այդ, ցածր ցուցանիշ է արձանագրվել արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի գծով, որոնք կազմել են 14.4 մլրդ դրամ կամ ծրագրի 37.1 %–ը»,–ասվում է հաշվետվության մեջ։

Ըստ ներկայացված տվյալների՝ բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15.2 տոկոսով՝ հասնելով 1,433.1 մլրդ դրամի, ինչի հիմնական աղբյուրը հարկային և այլ եկամուտների աճն է։

«2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.2 % կատարողական»,– նշված է հաշվետվության մեջ:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեի ծախսերին, ապա այս տարվա առաջին կիսամյակում դրանք կազմել են 1,472.3 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 85.2 %-ը:

«Այսպիսով, ապահովվել է առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 85.2 % կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4 %–ով կամ 239.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված կապիտալ ծախսերի և սոցիալական նպաստների ու կենսաթոշակների աճով»,– տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարությունը նաև ընդգծել է, որ բոլոր պետական մարմինները լիարժեք կատարել են հաշվետու ժամանակահատվածում ստանձնած ծախսային պարտավորությունները։

Պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 10.4 տոկոսով՝ կազմելով հավելյալ 15.9 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը գրանցել են 80.7 տոկոս աճ՝ հասնելով 132.1 մլրդ դրամի։

Ինչ վերաբերում է դրամաշնորհներին՝ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ առաջին կիսամյակում ստացվել է 3.6 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհ՝ ապահովելով պլանավորվածի 69.6 տոկոսը։

«2025 թ. հունվար–հունիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված պաշտոնական դրամաշնորհները 14.6 %–ով կամ 611.6 մլն դրամով զիջել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ պայմանավորված 2024 թ. առաջին կիսամյակում առավել մեծ ծավալով չնախատեսված բյուջետային աջակցության դրամաշնորհների ստացմամբ»,– ասված է պաշտոնական պարզաբանման մեջ:

Ըստ հաստատված պետական բյուջեի՝ 2025 թվականին նախատեսվում է ՀՆԱ-ի 5.5 տոկոսի չափով՝ 604 մլրդ դրամի պակասուրդ, 10 տրլն 891 մլրդ դրամ ՀՆԱ-ի, 5.1 տոկոս տնտեսական աճի, 2 տրլն 837 մլրդ դրամ եկամուտների և 3 տրլն 441 մլրդ դրամ ծախսերի պարագայում։ Կապիտալ ծախսերը կկազմեն 734 մլրդ դրամ։