AM
31 Հուլիս 2025 - 07:55 AMT

Պապոյան․ 3 օրում Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով 55 բեռնատար

Վերջին 3 օրում Վրաստանի տարածքով Ռուսաստան է մտել հայկական կոնյակով 55 բեռնատար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։

Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, մթերողների և խաղող մշակողների հետ միասնաբար։ Ի գործ»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ նախարարը գրել էր․ «Վրաստանի գործընկերները մեզ են փոխանցել հերթական տվյալները, ըստ որի, օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։ Եվս 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը։ Այս վիճակագրությանը ևս մեկ բան է ապացուցում, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հակադարձել էր՝ նշելով, որ չպարզաբանվեց, թե ի՞նչն է դրդել վրացական կողմին ամիսներ շարունակ խոչընդոտելու հայկական կոնյակի արտահանումը՝ հավելելով, որ «Վրաստանը՝ հանդիսանալով տարանցիկ պետություն, չունի որևէ իրավասություն փորձաքննության ենթարկելու մեր արտադրանքը»։ Ըստ նրա՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից ևս պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ ունենք կոնյակի և ալկոհոլային խմիչքների արտահանման նվազում։