AM
31 Հուլիս 2025 - 10:44 AMT

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի ՀՀ–ն Վենետիկի Պրոդյուսերների ոսկե ակումբում

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի Պրոդյուսերների ոսկե ակումբում։ Այդ մասին ասվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ-ի համատեղ հայտարարության մեջ։

Կներկայացվի 5 միջազգային նախագիծ։

«ՖԱՀՖ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ, օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը, կներկայացնի Հայաստանը Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ Լիդո դի Վենեցիայի «Էքսելսիոր» հյուրանոցում գործող համաշխարհային կինոարդյունաբերության կարևոր հարթակներից մեկում՝ Վենետիկի Արտադրական կամուրջի Պրոդյուսերների ոսկե ակումբում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Վենետիկում Ֆեդերացիան կներկայանա իր անդամների՝ արտադրության տարբեր փուլերում գտնվող 5 ուշագրավ միջազգային կինոնախագծերով, որոնք խնամքով ընտրվել են Կաննի կինոշուկայում ներկայացված նախագծերից և որոնց արտադրողները ապացուցել են իրենց մրցունակությունը՝ Կաննում կնքած Համատեղ արտադրության, Դիստրիբուցիայի պայմանագրերի և միջազգային ներդրումների առկայությամբ։

Կինոարդյունաբերության ներկայացուցիչներին առանձին կներկայացվի նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի շնորհանդեսը։ Ծրագրի մանրամասները Ֆեդերացիան հանրությանը կներկայացնի առաջիկա շաբաթներին, իսկ արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի սկզբին՝ մամուլի ասուլիսով։

Վենետիկի Միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 1932թ-ին՝ Ռուբեն Մամուլյանի «Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը» ֆիլմի ցուցադրությամբ, և արժանապատվորեն կրում է աշխարհում առաջինը լինելու իր բացառիկությունը ավելի քան 90 տարի։ Այն եզակի հարթակ է, որտեղ բարձրակարգ հանդիսատեսին ներկայացվում է ժամանակակից կինոյի լավագույն ծաղկաքաղը, միևնույն ժամանակ ֆիլմարտադրողներին հնարավորություն է տրվում Վենետիկի պատմական սրահներում հանդիպել կինոարդյունաբերության խոշոր ներկայացուցիչների հետ՝ համատեղ աշխատելու համար։