AM
31 Հուլիս 2025 - 13:18 AMT

Տարվա խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթը»

Առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 986 միլիարդ 71 միլիոն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 900 միլիարդ 401 միլիոն դրամ։ Այսպիսով, պետական բյուջեի մուտքերը ավելացել են 85 միլիարդ 670 միլիոն դրամով։

Radar Armenia-ն մանրամասն ներկայացրել է խոշոր հարկատուների առաջին հնգյակում գրանցված փոփոխությունները։

Այս տարվա ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Մոբայլ Սենթր Արթը»՝ պետական բյուջե վճարելով 32 միլիարդ 919 միլիոն դրամ, գրում է Radar Armenia-ն։

Երկրորդ տեղում է հայտնվել «Գրանդ Տոբակոն», որի վճարած հարկերը կազմել են 30 միլիարդ 461 միլիոն դրամ, իսկ երրորդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիան»՝ 28 միլիարդ 41 միլիոն դրամ վճարմամբ։ Չորրորդ տեղում է «Արդշինբանկը»՝ 27 միլիարդ 963 միլիոն դրամ, և հնգյակը եզրափակում է «Ամերիաբանկը»՝ 21 միլիարդ 402 միլիոն դրամով։

2024 թվականի նույն ժամանակահատվածում խոշոր հարկատուների ցուցակը գլխավորել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»-ը, որը տվյալ շրջանում վճարել է 64 միլիարդ 49 միլիոն դրամ։ Երկրորդ տեղում էր «Մոբայլ Սենթր Արթը»՝ 32 միլիարդ 332 միլիոն դրամով, իսկ երրորդում՝ «Գազպրոմ Արմենիան»՝ 27 միլիարդ 588 միլիոն դրամով։

Նախորդ տարի չորրորդ տեղում էր «Գրանդ Տոբակո»-ն՝ 23 միլիարդ 576 միլիոն դրամ հարկերով, իսկ հինգերորդ տեղում՝ «Փրիթի Ուեյը»՝ 17 միլիարդ 681 միլիոն դրամով։