ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ վերջին շրջանում ՀՀ տարածքում հեղուկ գազի գների աճն առաջացրել է լուրջ մտահոգություններ։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խոչընդոտվել է հեղուկ գազով բեռնված բազմաթիվ բեռնատարների մուտքը ՀՀ՝ հանգեցնելով դեֆիցիտի և գնագոյացման։
Նա հավելել է նաև, որ հեղուկ գազի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարի և ՄՊՀ-ի հայտարարություններում հակասություններ կան:
«Օրերս անդրադարձել էի վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում հեղուկ գազի արժեքի սրընթաց աճին։ Այս օրերին մեր հայրենակիցները ստիպված են հեղուկ գազի 1 լիտրի դիմաց վճարելու 200 դրամ և ավելին։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով, որոնցից է սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացումը, ինչն էլ գերազանցել է առաջարկը։
Սա ինձ համար անհասկանալի և անտրամաբանական մեկնաբանություն է, քանի որ, սովորաբար, ամռանը նկատվում է հեղուկ գազի գնի նվազում։
Հատկանշական է, որ էկոնոմիկայի նախարարը պարբերաբար ծանուցում է սահմանն անցնող բեռնատարների մասին՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե լոգիստիկ խնդիրները վերացել են:
Մինչդեռ, ՄՊՀ-ն որպես ստեղծված իրավիճակի պատճառ նշում է նաև Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրները:
Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի և ՄՊՀ-ի հայտարարությունների մեջ կան հակասություններ: Բազմիցս արձանագրել եմ, որ այս իրավիճակը իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է:
Շարունակում է խոչընդոտվել հեղուկ գազով բեռնված բազմաթիվ բեռնատարների մուտքը ՀՀ՝ հանգեցնելով դեֆիցիտի և գնագոյացման»,–գրել է նա։
Պատգամավորը հավելել է, որ տնտեսավարողները ստիպված են անձամբ լուծելու իրենց խնդիրները՝ չունենալով պատկան մարմիններից որևէ աջակցություն։
«Կան խոսակցություններ, որ սահմանն անցնելու համար բեռնատարների վարորդներից պահանջվում է հսկայական գումար։
Իշխանությունների անգործության հետևանքով այս պահին հեղուկ գազի գինը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ամենաբարձրերից է։ Գործ ունենք շուրջ 80% թանկացման հետ։
Եվս մեկ անգամ խնդրի շուրջ եմ հրավիրում պատկան մարմինների և ՄՊՀ-ի ուշադրությունը։ Այլապես, առաջիկա օրերին ականատեսը կլինենք հեղուկ գազի արժեքի էլ ավելի բարձրացմանը, ինչը հսկայական բեռ է դառնալու մեր քաղաքացիների համար»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Դանիելյանը գրել էր, որ հերթական անգամ պատկան մարմինների անգործության հետևանքով ահռելի ֆինանսական վնասներ են կրում հեղուկ գազ ներմուծողներն ու մեր քաղաքացիները, որոնք, այս օրերին ստիպված են մեկ լիտր հեղուկ գազի համար վճարել 200 դրամ, այն դեպքում, երբ ամիսներ առաջ ձեռք էին բերում 120 դրամով։






