AM
31 Հուլիս 2025 - 13:59 AMT

Կառավարությունը կհամաների անհատ տաքսու վարորդների 1․3 մլրդ դրամի տուրքերն ու տույժերը

Կառավարությունը կհամաների անհատ տաքսու վարորդների 1․3 մլրդ դրամի տուրքերն ու տույժները։ Որոշումը կայացվել է կառավարության հուլիսի 31-ի նիստում։

Անհատ տաքսու վարորդները 2015-2019 թթ․ պարտավորվել են լիցենզավորվել և վճարել պետական տուրք ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Օրենքում կատարված փոփոխություններից հետո այդ դրույթը ուժը կորցրած է ճանաչվել, սակայն գործունեությունը շարունակում էր համարվել լիցենզավորման ենթակա։

Համաներումը նպատակ է հետապնդում խրախուսել անհատապես ուղևորափոխադրումների ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց՝ օրենքի շրջանակում ծառայություններ մատուցելու։

2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումները նախատեսում են, որ ուղևորափոխադրումների ոլորտում ծառայությունները մատուցվելու են էլեկտրոնային հարթակների միջոցով։

Ըստ հիմնավորման՝ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման շուկան ավելի քան 90 տոկոսով կենտրոնացած է ուղևորափոխադրումների պատվերներ ընդունող և փոխանցող էլեկտրոնային հարթակներում։ Հարթակներից դուրս ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման պատվերների բացակայության հետևանքով ֆիզիկական անձինք սույն ծառայությունը մատուցում են հարթակներում գրանցվելու միջոցով, հետևաբար՝ անխուսափելիորեն կատարելով պետական տուրքի վճարման պարտականությունները, որը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը աճման միտումով կազմելու է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի մինչև 5 տոկոսը։

Հաշվի առնելով, որ այս համաներումով զիջվող գումարը ներառված չի եղել բյուջեի ակնկալվող եկամուտների հաշվարկում, կառավարությունը որոշել է զրոյացնել այդ պարտավորությունները՝ վերացնելով անցյալի լիցենզավորման պահանջից առաջացած տուրքերի և տույժերի բեռը։