AM
31 Հուլիս 2025 - 14:32 AMT

Փոխվարչապետ․ Կան շուկաներ, որտեղ ոչ հայկական կոնյակը, գյուղմթերքը վաճառվում է որպես հայկական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում, անդրադառնալով արտահանման հարցերին, ասել է, որ շատ հոգատար պետք է լինենք մեր արտադրանքի որակի նկատմամբ, քանի որ 1 անորակ խմբաքանակի պատմությունը մամուլով սկսում է շրջանառվել ու դառնում է գնահատական ընդհանուր արտադրանքի մասին, ինչը անթույլատրելի է։

«Մենք այդքան խոսում ենք կոնյակից, բայց ես վստահ եմ, որ 95 տոկոսով և ավելի որակյալ արտադրանք է։ Ես տեսել եմ կոնյակ, որ արտադրվել է ոչ Հայաստանում։ Բնականաբար, այդ որակի ազդեցությունը տարածվում է մեր արտադրանքի վրա։ Պետք է մեխանիզմ գտնենք, թե ինչպես մոնիթորինգ անենք։ Սա նաև գյուղմթերքին է վերաբերում։ Ես գիտեմ շուկաներ, որտեղ ոչ հայկական գյուղմթերքը վաճառվում է որպես հայկական, որովհետև հայկական այդ արտադրանքը ունի լավ ռեպուտացիա»,–ասել է փոխվարչապետը, հայտնում է «Փաստինֆոն»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ տարիներ շարունակ Հայաստանը կոնյակ է արտահանել՝ առանց պատշաճ որակի ստուգման, քանի որ երկրում նման լաբորատոր կարողություններ չեն եղել։ Որոշ երկրներ իրականացրել են ստուգումներ, իսկ մյուսները՝ ոչ, ինչի արդյունքում շրջանառվել են կարծիքներ, թե իբր հայկական կոնյակի որոշ խմբաքանակներ արտադրված չեն խաղողի սպիրտից։

Պապոյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի օգոստոսին Հայաստանում գործարկվելու է կոնյակի իզոտոպային ստուգման լաբորատորիա, ինչը հնարավորություն կտա երկրի ներսում իրականացնել որակի ստուգումներ՝ առանց արտաքին շուկաներից կախվածության։

Ըստ Պապոյանի՝ մինչև 2030 թվականը կառավարությունը նախատեսում է 98 միլիարդ դրամ հատկացնել արտահանման խթանման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ կոնյակի արտահանման գործընթացում մինչ այժմ խնդիր է եղել, քանի որ տեղում լաբորատոր փորձաքննության հնարավորություն չի եղել, ինչն էլ բացասաբար է անդրադարձել միջազգային հեղինակության վրա։

Ավելի քան մեկ ամիս Վրաստանի մաքսային մարմինները կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնատարները՝ ուղարկելով դրանց բովանդակությունը լաբորատոր փորձաքննության, թեև ապրանքը ուղղված է եղել ոչ թե վրացական շուկա, այլ տարանցվել է Ռուսաստան և այլ երկրներ։ Նախարար Պապոյանը վրացի պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքում նշել է, որ կողմերը հասել են փոխընդունելի տարանցիկ ռեժիմի մշակման համաձայնության։

2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում կոնյակի արտադրությունն անկում է ապրել մոտ 40 տոկոսով՝ կազմելով 3 միլիոն 249 հազար լիտր։