AM
1 Օգոստոս 2025 - 08:47 AMT

Պարզաբանում․ Arca–ի խափանումների հետևանքով տվյալների արտահոսք չի եղել

Arca համակարգում արձանագրված խափանումների վերաբերյալ «Արմենիան Քարդ»-ը ներկայացրել է պարզաբանում՝ նշելով, որ խնդիրներն ունեցել են տեխնիկական բնույթ, և որ կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50, 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25:

Խափանումների պատճառը տեխնիկական բնույթի էր: Տեղեկացնում ենք, որ կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մասնագետների օպերատիվ գործողությունների շնորհիվ հիմնական ծառայությունները հիմնականում շարունակել են աշխատել, իսկ խափանումներն ամբողջությամբ վերացվել են նույն օրը։

Ներկայում իրականացվում է խորքային տեխնիկական ուսումնասիրություն՝ նմանատիպ խնդիրների կանխարգելման նպատակով։

Նշվում է նաև, որ այս տարում ավարտին է հասցվելու նաև տվյալների երկրորդ կենտրոնի գործարկումը՝ «համակարգի անխափանությունն ու վերականգնման արագությունը բարձրացնելու համար»։