Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը, պատասխանելով անհուսալի վարկերը մարելու պետական ծրագրի մասին հարցին, ասել է, որ մոտ 220 հազար մարդ Հայաստանում այժմ համարվում է ժամկետանց վարկ ունեցող՝ չվճարված գումարների ընդհանուր ծավալը կազմում է 180 մլրդ դրամ։
«Շահառուների պոտենցիալ թիվը, որոնք մեկ տարուց ավել և մինչև 1 մլն դրամ ժամկետանց անհուսալի վարկ ունեին՝ 220,000 մարդ և ծավալը մոտ 180 մլրդ դրամ էր»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Նա շեշտել է, որ ակնհայտ էր՝ այդքան մեծ թվով քաղաքացիներից բոլորը չեն դիմելու պետական ծրագրին։
«Ծրագիրը սկսվել է փետրվարից, այս պահին 15,000 դիմում է եղել և 3686 են ծրագրի շահառու ճանաչվել»,-հայտնել է Ազատյանը՝ նշելով, որ նրանց ճնշող մեծամասնությունը նոր է անցել աշխատանքի։
ՀԲՄ նախագահը հավելել է, որ այս պահին շահառուներին տրամադրված պետական աջակցությունը կազմել է 135 մլն դրամ և պարզաբանել է, որ ծրագրի շրջանակում քաղաքացիներն ունեն մեկ տարվա ժամկետ՝ հայտ ներկայացնելու համար։ Այդ ընթացքում նրանք հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու, եկամուտ ստանալու՝ խուսափելով մեծ բռնագանձումներից։
Ըստ ծրագրի՝ բանկերը զիջում են տույժերի 80%-ը, իսկ վարկերի մարման համար օգտագործվում է քաղաքացիների աշխատավարձի ընդամենը 20 տոկոսը։






