AM
2 Օգոստոս 2025 - 08:56 AMT

Փորձագետ․ Արհեստական բանականությունը 95 % հավանականությամբ կվերացնի մարդկությանը

Google և Microsoft ընկերությունների նախկին ինժեներ Նեյթ Սոարեսը, որն այժմ ղեկավարwum1 Մեքենայական բանականության հետազոտական ինստիտուտը, մտահոգություն է հայտնել արհեստական բանականության արագ զարգացման կապակցությամբ։

Նրա գնահատմամբ՝ մարդկության ոչնչացման հավանականությունը, եթե ներկա ուղուց չշեղվենք, «առնվազն 95 տոկոս է», գրում է The Times–ը։

«Եթե մենք չհեռանանք ընթացիկ ուղուց՝ գրեթե ոչ մի շանս չկա խուսափելու կործանումից։ Մենք 100 կմ/ժ արագությամբ սլանում ենք անդունդի ուղղությամբ», — ասել է նա։

Նրան միացել են նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեֆրի Հինթոնը, մաթեմատիկոս Յոշուա Բենջիոն, ինչպես նաև OpenAI, Anthropic և Google DeepMind կազմակերպությունների ղեկավարները։

Նրանց բոլորի ստորագրությամբ տարածվել է հետևյալ հայտարարությունը․ «ԱԲ-ի հետևանքով մարդկության ոչնչացման ռիսկի նվազեցումը պետք է դառնա համաշխարհային առաջնահերթություն՝ համաճարակների և միջուկային սպառնալիքի նման»։

Ըստ աղբյուրի՝ մտահոգությունն առաջանում է սուպերզգոն ԱԲ-ի (ASI) ստեղծման հեռանկարից, որն ի վիճակի է մանիպուլյացիայի, պլանավորման և վերահսկողությունից դուրս գալու։ Արդեն այսօր ԱԲ-ն կարող է ստել, իսկ նրա աշխատանքի ներքին գործընթացները հաճախ անհասկանալի են մարդկանց։

Որոշ մասնագետներ ընդգծել են, որ գոյություն ունի ոչ թե ամբողջական ոչնչացման, այլ «աստիճանաբար ուժասպառման» ռիսկ՝ այն աշխարհում, որտեղ որոշումներ են կայացնում մեքենաները, մարդկանց կարող է ուղղակի տեղ չմնալ։