«Վալլեքս» խմբի ավագ փոխնախագահ, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը պնդել է, որ ՀԷՑ-ը վերցնելու գործընթացում աշխատել է քաղաքական գործոնը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի ներդրումային գրավչության համար։
«Ուզում եմ տեսնել այն քաջագործ օտարերկրյա ներդրողին, որը Սամվել Կարապետյանի հետ կատարվողից հետո Հայաստանում ներդրում կանի. օտարերկրյա ներդրողները փախնում են Հայաստանից»,–հայտնում է 168․am-ը։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի թիմը, որը կառավարել է ՀԷՑ-ը վերջին տասը տարում, կառավարել է արդյունավետ:
«Դրա մասին են փաստում աուդիտորական կազմակերպությունների կատարած աուդիտների արդյունքները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ը, որը մինչև Սամվել Կարապետյանն աշխատել է տարեկան 10 միլիարդ դրամ վնասով, 2014 թվականից հետո՝ Սամվել Կարապետյանի գալով, սկսել է աշխատել տարեկան 20 միլիարդ դրամից ավելի շահույթով, որը, ի դեպ, Կարապետյան ընտանիքը ոչ թե վերցրել է, այլ ներդրել ՀԷՑ ենթակառուցվածքներում՝ որպես ներդրում։
ՀԷՑ-ը վերցնելու հարցում աշխատել է քաղաքական գործոնը։ Նախ, իշխանությունը սկզբում օգտագործեց «ազգայնացում» տերմինը, հետո հասկացավ, որ չի կարող, հրաժարվեց։
Ինչո՞ւ չի կարող, որովհետև Հայաստանի օրենսդրությամբ և ստանձնած միջազգային պարտավորություններով նման բան չի կարող կատարվել։ Հետո սկսեցին օգտագործել հաջորդ տերմինը՝ «բռնագրավում»։ Բայց մինչև սեփականատիրոջից իր գույքը բռնագրավելը, նախ՝ Կառավարությունը պետք է կարողանա ցույց տալ և ապացուցել, որ սեփականատերը թույլ է տվել էական խախտումներ, օրինակ, խոստացել է կառուցել 10 կայան, չի կառուցել, ավելին՝ պետք է նաև հիմնավորմանը նայել, թե ինչո՞ւ չի կառուցել։ ՀԷՑ-ի դեպքում նման բան չկա»,- ասաց Վարդան Արամյանը՝ շարունակելով՝ իսկ երբ Կառավարությունը չի կատարում այս ամենից հետո նաև միջազգային արբիտրաժի որոշումը, դրանից հետո դառնում է նույն միջազգային կառույցների համար ոչ պարկեշտ կողմ՝ խիստ բացասաբար ազդելով օտարերկրյա ներդրումների վրա»,–ասել է Արամյանը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






