Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քննադատաբար է արձագանքել պետական բյուջեից Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար 6 միլիոն դոլարի հատկացմանը՝ հայտարարելով, որ դա հակասահմանադրական է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ըստ նրա՝ այս գործով պետք է զբաղվեն դատախազությունը, հակակոռուպցիոն մարմինները
«Պետական բյուջեից Լոպեսին 6 մլն դոլար տրամադրելը Երևանում ելույթ ունենալու համար հակասահմանադրական է. պետությունը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, քանզի դա մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Առավել ևս, որ համերգի տոմսեր էլ են վաճառվում. այն է, գործ ունենք մասնակի տնտհաշվարկի հետ. փողը հիմնականում պատկանում է ամբողջ հասարակությանը, իսկ համերգին մասնակցում են շաաաատ սահմանափակ թվով քաղաքացիներ։
Այս գործով պետք է զբաղվեն դատախազությունը, հակակոռուպցիոն մարմինները։ ԿԳՄՍ նախարար Ժ, Անդրեասյանը պետք է պատասխան տա, թե ի՞նչ հիմնավորումներով է ընտրել Լոպեսին, իսկ ֆինանսների նախարար Վ.Հովհաննիսյանը պիտի հարցաքննվի պետական բյուջեով չնախատեսված ծախսեր կատարելու համար»,–ասվում է գրառման մեջ։






