Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ վերջին շրջանում Երևանում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել և ոչնչացվել է ընդհանուր առմամբ 1859.9 կգ միս և մսեղիք, որոնք չեն ունեցել սպանդանոցային ծագում։
Խորենացու փողոցի՝ այսպես կոչված ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառները ներկայացրել են իրենց բողոքը ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանին՝ նշելով, որ չնայած պատրաստակամ են իրացնել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում բավարար քանակությամբ մթերք մատակարարել։
Նրանց խոսքով, այդ պատճառով ստիպված են լինում ձեռք բերել բակային պայմաններում մորթված կենդանիների միս՝ շուկայում առաջարկը պահպանելու նպատակով։ Նրանք առաջարկել են կարգավորել գործընթացը այնպես, որ գյուղացիները կենդանուն տեղափոխեն սպանդանոց, այլ ոչ թե մորթ կատարող հրավիրեն տուն։
Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը պատասխանել է՝ խնդրի լուծման բանալին հենց վաճառքի կետերի պահվածքում է․ «Դուք չպետք է ընդունեք բակային մորթի ենթարկված կենդանու միսը. միանշանակորեն դա է խնդրի լուծման ճանապարհը: Եթե ընդամենը մեկ շաբաթ մսի իրացման կետերը հարգեն օրենքի պահանջը և վաճառեն միայն սպանդանոցից 5-րդ ձևի ուղեկցությամբ բերված անվտանգ միս, խնդիրը կկարգավորվի: Այլընտրանք չկա»։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ նման վերահսկողություն իրականացվում է ոչ միայն ԳՈւՄ-ի շուկայում, այլև հանրապետության բոլոր շրջաններում։
ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին կոչ է արել հետևել օրենսդրական պահանջներին, իսկ սպառողներին հորդորել է միս գնել միայն այն դեպքում, երբ վստահ են դրա սպանդանոցային ծագման վրա։






