AM
4 Օգոստոս 2025 - 10:12 AMT

Էկոնոմիկայի նախարար. Հրաշալի կլինի, եթե տարեկան Լոպեսի նման մի քանի աստղերի ելույթներ լինեն ՀՀ–ում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ հրաշալի կլինի, եթե տարեկան Ջենիֆեր Լոպեսի նման մի քանի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում։

Նա անդրադարձել է նաև տնտեսական կողմին։

«Ըստ Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների Հայաստան է եկել 15,000 զբոսաշրջիկ։

2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13.3 մլն դոլար գումար։ Ընդ որում սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են, օրինակ, երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։

Կարծում եմ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում»,-ասվում է գրառման մեջ։

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել մոտ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։