«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը տեսանյութում նշել է, որ Հայաստանի մարզերում նկատվում է բնակչության նվազում, իսկ երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմնարկների և ինստիտուտների բացակայությունը խորացնում է իրավիճակը։
Նա վստահություն է հայտնել, որ «Հայաստանի արդյունաբերականացումը այլընտրանք չունի»։
Անդրադառնալով մարզերի զարգացման հարցին՝ նա ասել է, որ երկրի, ռեգիոնների գլխավոր խնդիրն աշխատանքն է։
«Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրի զարգացման նոր ուղի։ Ընտրվում է ռեգիոնը և այդ ռեգիոնի հիմքի վրա ստեղծվում է արդյունաբերական զարգացման ծրագիր»,–ասել է նա։
Կարապետյանը նաև հայտարարել է, որ սկսելու են Վանաձորից։ Նա նշել է, որ ԽՍՀՄ տարիներին այդ քաղաքում կար 33,000 աշխատատեղ։ Նա հավելել է, որ քաղաքում չի կարող բնակչության անկում չլինել, չի կարող լինել զարգացում, եթե քաղաքում չեն կառուցվում գործարաններ։
Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։






