AM
5 Օգոստոս 2025 - 09:05 AMT

DeepMind. Մարդու կոգնիտիվ ունակություններով ԱԲ կարող է հայտնվել 5-10 տարում

Google ընկերության մասնաճյուղ DeepMind-ի գլխավոր տնօրեն Դեմիս Հասսաբիսը հայտարարել է, որ ընդհանուր նշանակության արհեստական բանականությունը (AGI), որը կկարողանա իրականացնել լայն շրջանակի կոգնիտիվ առաջադրանքներ, կարող է ստեղծվել առաջիկա 5-10 տարում։

«Հնարավոր է, որ առաջիկա 5-10 տարում մենք ունենանք մի բան, որը կարող ենք անվանել AGI, որը կցուցադրի բոլոր մարդկային գիտակցական կարողությունները։ Մենք կապրենք ծայրահեղ առատության աշխարհում՝ պայմանով, որ մենք պատասխանատու կերպով կիրականացնենք այս ամենն։ Իհարկե, մենք փորձում ենք մեր ներդրումն ունենալ այս գործում»,–ասել է 2024 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրը The Guardian թերթին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա նշել է, որ նման սցենարի դեպքում հնարավոր են նշանակալի առաջխաղացումներ բժշկության, միջուկային սինթեզի և մաթեմատիկայի ոլորտներում։ Նրա խոսքով՝ ԱԲ-ի զարգացումը կարող է հասցնել աննախադեպ արտադրողականության՝ դրանով իսկ ապահովելով հասարակության բարեկեցությունը։

«Իհարկե, մենք պետք է ապահովենք արդար բաշխում, բայց դա ավելի շուտ քաղաքական հարց է։ Եվ եթե այդպես է, ապա հնարավոր է՝ մարդկության պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք հայտնվել զարմանալի առատության աշխարհում, որտեղ ամեն ինչ պարտադիր չէ, որ լինի զրոյական գումարով»,– ընդգծել է Հասսաբիսը։

Հասսաբիսը ընդունել է, որ տեխնոլոգիական առաջընթացը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Նա որպես օրինակ է ներկայացրել արդյունաբերական հեղափոխությունը, որի հետևանքով շատ մարդիկ զրկվել են աշխատանքից։

«Բայց մենք չէինք ցանկանա, որ դա տեղի չունենար։ Իհարկե, մենք պետք է փորձենք նվազագույնի հասցնել ցնցումները, բայց փոփոխություններն անխուսափելի են։ Եվ ես հույս ունեմ, որ դրանք դեպի լավն են լինելու»,– հավելել է նա։

2024 թվականին Դեմիս Հասսաբիսը՝ ամերիկացի գիտնականներ Դեյվիդ Բեյքերի և Ջոն Ջամպերի հետ միասին, արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի։ Հասսաբիսին ու Ջամպերին, որը նույնպես աշխատում է DeepMind-ում, պարգևատրել են արհեստական բանականության տեխնոլոգիաներով աշխատող AlphaFold2 մոդելի մշակման համար, որի շնորհիվ հնարավոր է եղել որոշել մարդու բոլոր սպիտակուցների կառուցվածքը, ինչպես նաև կանխատեսել ավելի քան 200 մլն սպիտակուցների կառուցվածքը, որոնք հետագայում հայտնաբերվել են այլ կենսաբանական օրգանիզմներում։