ՀԷՑ-ը հայտարարել է գնումների նոր փուլի մեկնարկի մասին, որի նպատակը շուկայի վերլուծությունն ու մրցակցության լայն ընդգրկումն է: Անդրադառնալով հարցին՝ ՀԷՑ–ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի գնումների գործընթացում նախկինում ընդգրկված է եղել ընդամենը մի քանի ընկերություն։
«ՀԷՑ-ը օրեր առաջ հայտարարել էր երկու գնման գործընթացների (նախագծային ծառայություններ և մալուխ) պատշաճ իրականացման համար անհրաժեշտ գնահարցմանը նախորդող փուլի մեկնարկի մասին՝ շուկայի ուսումնասիրություն իրականացնելու և առավելագույն ներառական մրցակցություն ապահովելու համար։
Այս պահի դրությամբ արդեն ունենք ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից մասնակցության հետևյալ պատկերը՝ նախագծային ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացներում գնանշմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 14 ընկերություն, մալուխների ձեռքբերման գնման ընթացակարգի գնանշման փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 ընկերություն։
Վերջնաժամկետին դեռևս կա գրեթե 2 օր: Խնդրում եմ բոլոր շահագրգիռ տնտեսվարողներին՝ սահմանված կարգով դիմել ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանմանը՝ նախատեսվող լայնածավալ գնումների և մատակարարումների գործընթացներում ներգրավվելու և մրցակցության օբյեկտիվ պայմաններում համագործակցելու համար։
Հ.Գ. Փաստ է, որ վերջին տարիներին ՀԷՑ-ի այս գործընթացներում ներգրավված են եղել բացառապես 2-3 ընկերություններ՝ խիստ «առանձնահատուկ և արտոնյալ» հանգամանքներով պայմանավորված։
Հ.Գ.1. Ո՞վ էր ասում՝ այս գործընթացը վնասելու է ներդրումային միջավայրի զարգացմանը. Փաստն այն է, որ դեռևս սաղմնային փուլում՝ այն ակնհայտորեն մեծ լիցք է հաղորդել ոլորտի տնտեսական ակտիվությանը»,–գրել է նա։
Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները՝ այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում էր կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։






