AM
5 Օգոստոս 2025 - 14:40 AMT

ԿԲ․ 12-ամսյա գնաճն արագացել է՝ հունիսին կազմելով 3.9%

Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նկատելիորեն աճել է՝ հունիսին կազմելով 3.9 տոկոս։ Միաժամանակ, բնականոն 12-ամսյա գնաճը ևս բարձրացել է՝ հասնելով 3.1 տոկոսի, հայտնում է Կենտրոնական բանկը։

2025 թվականի օգոստոսի 5-ին կայացած նիստի արդյունքում ԿԲ խորհրդը որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով այն 6.75 տոկոսի մակարդակում։

Նշվում է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ինչպես գլոբալ տնտեսության, այնպես էլ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների պարագայում պահանջարկի հետագա թուլացման միտումները խորացել են, իսկ ԱՄՆ-ում՝ միաժամանակ գնաճի արագացման ռիսկերն աճել են։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության շուրջ առկա բարձր անորոշությունը շարունակում է պահպանվել՝ պայմանավորելով մակրոտնտեսական ազդեցությունների կանխատեսման դժվարությունները, հայտնում է Արմենպրեսը։

https://armenpress.am/hy/article/1226454

Միջնաժամկետ հատվածում անորոշ են մնում նաև ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ պայմանավորված՝ ամբողջական պահանջարկի խթանման ծավալը, պետական պարտքի հնարավոր ավելացման և երկարաժամկետ տոկոսադրույքների բարձրացման չափը։

Բացի այդ, աշխարհաքաղաքական լարվածության աճն ու միջազգային առևտրային հարաբերություններում առկա սրվածությունը շարունակում են ռիսկ ներկայացնել մատակարարման շղթաների խաթարման և համաշխարհային տնտեսությունում գնաճային ճնշումների ձևավորման տեսանկյունից։

Տարվա սկզբից սկսած՝ պարենային ապրանքների համաշխարհային գները, առաջարկի գործոնների ազդեցությամբ, գրանցել են աճ, որը դեռևս շարունակվում է։ Սա նույնպես դիտարկվում է որպես գնաճի խորացման հնարավոր աղբյուր։

Այս համատեքստում, մի կողմից՝ թույլ պահանջարկի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման պայմաններում, բարձր է գնահատվում հավանականությունը, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերը մոտ ապագայում կամ կպահեն իրենց դրամավարկային քաղաքականությունը ներկայիս մակարդակում, կամ աստիճանաբար այն կթուլացնեն։

«2025 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսության ակտիվությունը շարունակել է աճել, ընդ որում՝ պահանջարկից պայմանավորված ճյուղերի զարգացումն առաջանցել է որոշ ժամանակավոր, ոչ կառուցվածքային գործոնների ազդեցության նվազեցման համատեքստում։ Շինարարության և ծառայությունների ոլորտների կայուն վերելքն էական դեր է ունեցել ընդհանուր տնտեսական վերականգնման գործում։ Բացի այդ, 2024-ից ի վեր նկատվող արտաքին պահանջարկի կայուն նվազումից հետո, վերջին եռամսյակում արձանագրվել է այդ պահանջարկի վերականգնում՝ հատկապես ծառայությունների ոլորտում։

Այնուամենայնիվ, տնտեսական աճի ներքին կառուցվածքի և երկարաժամկետ հեռանկարի շուրջ անորոշությունները մնում են բարձր։ Ներկայումս, ԿԲ-ի գնահատմամբ, պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա հիմնականում չեզոք է, իսկ գնաճի ընթացիկ զարգացումները պայմանավորված են հիմնականում առաջարկի գործոններով։

Բացի այդ, աշխատաշուկայի պայմաններն աստիճանաբար կայունացել են. արձանագրվել է աշխատավարձերի որոշ հավասարակշռում, ծառայությունների գների համեմատաբար կայուն աճ և գնաճային սպասումների թուլացում։ Այդուհանդերձ, հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է պարունակել գնաճային ճնշման ռիսկեր՝ միջնաժամկետ հեռանկարում»,– հայտնել են ԿԲ-ից։

Հաշվի առնելով մակրոտնտեսական ընթացիկ պայմանները՝ ֆինանսական շուկայի մասնակիցների մեծամասնությունը կանխատեսում է, որ ԿԲ-ն առաջիկայում կանցնի տոկոսադրույքի աստիճանական նվազեցման՝ այն բերելով մոտավորապես 6.25 տոկոսի սահմանների։

Ներկայացված բարձր ռիսկերի ու անորոշության ֆոնին, ԿԲ խորհուրդը, հավատարիմ մնալով գնաճի 3 տոկոսի թիրախի և գների կայունության ապահովման իր հանձնառությանը, քննարկել է մի շարք զարգացման սցենարներ։

Մասնավորապես, քննարկվել են Ա տիպի սցենարները, որոնք ենթադրում են ավելի բարձր տոկոսադրույքի անհրաժեշտություն՝ կապված ինչպես արտաքին աշխարհաքաղաքական միջավայրի սրման, այնպես էլ հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր խստացման, ինչպես նաև ներքին ավելցուկային պահանջարկի ձևավորման հետ։

Միաժամանակ դիտարկվել են նաև Բ տիպի սցենարներ՝ կենտրոնանալով պահանջարկի թուլացման, տնտեսության առանձին հատվածներում հնարավոր դանդաղման, անշարժ գույքի գների աստիճանական ճշգրտման և համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման վրա։

Վերջնական գնահատմամբ՝ ԿԲ խորհուրդը արձանագրել է Ա տիպի ռիսկերի գերակշռող բնույթը և կարևորել դրանց մակրոտնտեսական հետևանքների արդյունավետ կառավարումը։ Այս հանգամանքներից ելնելով՝ ներկայիս փուլում որոշում է կայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ։

Խորհուրդը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակաբար հետևելու տնտեսական զարգացումներին և անհրաժեշտության դեպքում գործելու նպատակային՝ ապահովելու գնաճի 3 տոկոսանոց թիրախը և գնային կայունությունը միջնաժամկետ հեռանկարում։