Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին` ընդգծելով վերջինիս կարևոր ներդրումը երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման գործում։
Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության ներդրումային ներուժի ուսումնասիրությանը՝ Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների իրականացման նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության կողմից տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը և ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված արտահանման ռազմավարությունը։
«Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ համատեղ արդյունաբերական արտադրության, ազատ տնտեսական գոտիների զարգացման, ինչպես նաև նորարարության վրա հիմնված ձեռնարկատիրության խթանման ուղղությամբ», – նշել է Պապոյանը։






