AM
7 Օգոստոս 2025 - 09:16 AMT

Պապոյան․ Գործարան չենք բացել, բայց այնպես ենք արել, որ ՀՀ–ն մարտկոց արտահանող երկիր է դարձել

Հայաստանն այլևս պարզապես ալյումինի ջարդոն արտահանող չէ, այլ մարտկոցներ արտադրող ու արտահանող երկիր՝ կառավարության ձեռնարկած քայլերի շնորհիվ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Կառավարությունը գործարան չի բացել, բայց այնպես է արել, որ Հայաստանը ալյումինի մետաղի ջարդոն արտահանող երկրից վերածվել է ալյումինե մարտկոց արտադրող և արտահանող երկրի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարն ընդգծել է, որ իրենք կարողացել են զգալի ներդրումներ ներգրավել, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր են ստեղծվել։

Պապոյանը հիշեցրել է, որ այդ արդյունքը հնարավոր է դարձել այն հանգամանքի շնորհիվ, որ յուրաքանչյուր մեկ տոննա ներմուծվող մետաղական արտադրանքի համար սահմանվել է 29 հազար դրամի բազային տուրք։ Նա պարզաբանել է, որ սա կապված է Հայաստանում սև և գունավոր մետաղի ջարդոնի օգտագործման աճի հետ, ինչին իր հերթին նպաստել է նաև այդ ջարդոնի արտահանման արգելքը։

«Որոշումով 6 ամիս ժամկետով շարունակվում է տուրքի կիրառումը պատրաստի մետաղական տվյալ ապրանքների ներմուծման վրա»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշել է, որ ներմուծվող ապրանքները հաճախ ունեն ցածր գին՝ ներքին արտադրությունը խոչընդոտելու նպատակով։ Նա հավելել է, որ երբ ներսում այլևս արտադրություն չկա, ներմուծողներն անմիջապես բարձրացնում են այդ ապրանքների գները։

Գևորգ Պապոյանը լիովին համաձայնվել է փոխվարչապետի դիտարկման հետ՝ հավելելով, որ բազմաթիվ երկրներում մետաղական արտադրանքի արտադրությունը սուբսիդավորվում է, ինչն էլ դրանք ավելի մատչելի է դարձնում հայկական շուկայում։ Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը բազային տուրք է սահմանել այնպես, որ այն ապահովի թե՛ ներքին արտադրողների, թե՛ ներմուծողների մրցունակությունը՝ առանց շինարարական ոլորտի ինքնարժեքի վրա զգալի ազդեցության։