AM
7 Օգոստոս 2025 - 09:19 AMT

«Բիոկաթի» 5%-ոց մածունի արտադրությունը կասեցվել է

«Բիոկաթի» 5%-ոց մածունի արտադրությունը կասեցվել է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգումներ են իրականացրել «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որը գործում է Հաղթանակ թաղամասում։

Ստուգման շրջանակում նմուշառվել են թթվասեր (18%), մածուն (5%), դեղձի համով ըմպելի յոգուրտ (1.5%) և չեչիլ պանիր (45%) արտադրատեսակներից նմուշներ, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Քննության արդյունքներով՝ միայն 5% մածունի նմուշն է ցույց տվել շեղում՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությամբ, ինչը հակասում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Այս պատճառով «Բիոկաթ» ՍՊԸ-ի արտադրամասում կասեցվել է 5% մածունի արտադրությունը։ Ընկերությանը սահմանվել է խախտման վերացման համար նախատեսված ժամկետ։

Բացի այդ, ընկերությանը տրվել է համապատասխան կարգադրագիր՝ արտադրության տվյալ խմբաքանակը չիրացնելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ այլ եղանակով վնասազերծելու մասին։ Նրանց նաև հանձնարարվել է ապահովել, որ արտադրանքը համապատասխանի գործող տեխնիկական կանոնակարգերին։