AM
7 Օգոստոս 2025 - 10:36 AMT

Պապոյանը՝ Լոպեսի համերգի մասին․ ՀՀ տնտեսության համար օգտակար միջոցառում էր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան մենահամերգին, ասել է, որ դա ՀՀ տնտեսության համար օգտակար միջոցառում էր:

«Լավ միջոցառում էր կազմակերպված, և ՀՀ տնտեսության համար օգտակար միջոցառում էր: Մթնոլորտի համար, մեր երկրի հանրաճանաչման մասով օգտակար էր, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Նախարարը հավելել է, որ «միջոցառումն անցել է փայլուն»։

«Մենք շատ զբոսաշրջիկներ ունեցանք, և երբ օգոստոսին ամփոփենք, այդ թվերը կերևան»,- ասել է Պապոյանը:

Լրագրողը նշել է, որ իտալահայկական կոնսորցիումի ուսումնասիրության համաձայն՝ մենահամերգի վրա ներդրված 6 միլիոն դոլարը բերել է մոտ 13.3 միլիոն դոլարի տնտեսական արդյունք, սակայն այդ գումարը ուղղակիորեն չի մուտքագրվել պետական բյուջե, այլ տնտեսություն՝ որից միայն 10-20 տոկոսն է ԱԱՀ:

Նախարարը այս դիտարկմանը հակադարձել է. «Ի՞նչ տարբերություն՝ որտեղ է մտել: Այդ 470 դոլարանոց տոմսը ՀՀ տնտեսություն չի՞ մտնում, կամ ռեստորանում փակված 200 դոլար հաշիվը ՀՀ տենտեսություն չի՞ մտնում:

Եթե եկել է ՌԴ-ից զբոսաշրջիկ և գնել է 470 դոլարանոց տոմս (ես գիտեմ, որ հատկապես թանկ տոմսերը զբոսաշրջիկներն են գնել), ի՞նչ եք կարծում՝ 470 դոլարանոց տոմս գնած զբոսաշրջիկը հյուրանոցի ի՞նչ համարում է մնում՝ 50 դոլարանո՞ց, թե 300 դոլարանոց: Ակնհայտ է, չէ՞: Կամ ռեստորան գնո՞ւմ է, թե՞ չէ…

Ինչ հաշվում են, հաշվում են տնտեսություն մտած փողը, ոչ թե՝ պետական բյուջե, որովհետև ռեստորանատիրոջ եկամուտն ինձ հետաքրքիր է, որովհետև տնտեսության եկամուտ է, սրճարանի տիրոջ եկամուտն ինձ հետաքրքիր է, որովհետև դա մեր տնտեսության եկամուտն է, հյուրանոցը, օդանավակայանը և այսպես շարունակ»:

Համերգը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Կազմակերպիչների հաղորդմամբ՝ միջոցառման առթիվ Հայաստան է ժամանել մոտ 15,000 զբոսաշրջիկ։

Իտալահայկական կոնսորցիումի տվյալներով՝ զբոսաշրջիկները, ովքեր գնել են համերգային փաթեթներ, Հայաստանում ծախսել են միջինում 888 դոլար։ Հետևաբար, հետազոտության արդյունքներով՝ ներդրված 6 միլիոն դոլարի դիմաց ձևավորվել է 13.3 միլիոն դոլարից ավելի տնտեսական վերադարձ։ Ընդ որում, այս հաշվարկներում ներառված չեն այն կողմնակի օգուտները, որոնք կարող են ի հայտ գալ հանրային ճանաչելիության աճից։