ՀՀ-ն և ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիր կստորագրեն։ Կառավարությունն այսօր հաստատեց համապատասխան նախագիծը։ Նպատակն է ազատականացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ու ներդրումային կապերը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Համաձայնագիրը նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտների փոխադարձ վերացում, տնտեսական արդյունավետության բարձրացում և բարենպաստ պայմանների ստեղծում՝ ընդլայնելով տնտեսական համագործակցությունը և փոխշահավետ օգուտները, ինչպես նաև նպաստելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու երկուստեք նոր շուկաների բացահայտմանը։ Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումներով համաձայնագիրը միաժամանակ կխթանի նաև գործարար նախաձեռնությունները», – ասված է նախագծում։
Համաձայնագրի ստորագրման գաղափարը ծագել է Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի միջև ծավալվող գործընկերային բանակցությունների շրջանակում։ Այն լինելու է միջազգային իրավական փաստաթուղթ, որը պետք է կարգավորի ծառայությունների առևտրի և ներդրումային փոխհարաբերությունները՝ կողմերի միջև տնտեսական գործունեությունը դարձնելով առավել բաց, մրցունակ և փոխշահավետ։
Ըստ նախագծի՝ համաձայնագրի հիմնական ուղղությունները մի քանիսն են, օրինակ՝ գործարար միջավայրի բարելավում՝ նոր շուկաների բացահայտման և փոխադարձ արտոնությունների միջոցով, ներդրումների խրախուսում և պաշտպանություն, ինչը պետք է խթանի մասնավոր հատվածի գործունեությունը։
ԱՄԷ-ն նախատեսել է Հայաստանին տրամադրել արտոնություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համակարգչային և գիտատեխնիկական խորհրդատվությունը, սարքավորումների վերանորոգումը, քարտեզագրումը և հեռահաղորդակցությունը, ինչպես նաև որոշ պարզեցումներ՝ իրավաբանական, շինարարական, հաշվապահական ու աուդիտային ծառայությունների մատուցման ուղղությամբ։
Ի պատասխան՝ Հայաստանը մտադիր է արտոնություններ առաջարկել ԱՄԷ-ին գյուղատնտեսության, որսորդության և անտառտնտեսության ոլորտներում, ինչպես նաև գիտատեխնիկական խորհրդատվության ինժեներական ծառայությունների, առողջապահության, կրթության, բնապահպանության և փոստային ծառայությունների ոլորտներում։






