Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ճեպազրույցում անդրադարձել է երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանին ուղղված իր գրառման մասին հարցին, որում հայտարարել էր. «Մարդիկ ուզում են լոռին վերափոխել, բայց չեն կարողանում մի գործարան կառուցել»։
Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Հրազդանում մետաղաձուլական գործարանի կառուցմանը, որի համար կառավարությունը շատ մեծ ջանքեր է գործադրել։ Նա հավելել է, որ էլի պատրաստ են աջակցել, ինչով կարող են, հայտնում է Panorama.am-ը։
«Մենք նրանց աջակցել ենք տարբեր գործիքակազմերով, այդ թվում նաև 2024 թվականին հենց իմ նախաձեռնությմաբ Ազատ տնտեսական գոտում է այդ գործարանն ընդգրկվել, որ այդ ներդրումը վերջապես տեղի ունենա, որովհետև GTB-ն արեց ներդրումներ, այնտեղ հարյուրավոր մարդիկ են աշխատում, Քարկերտի մետաղձուլարանը կառուցվեց, այնտեղ հարյուրավոր մարդիկ աշխատում են, «Միկմետալն» արեց, այնտեղ հարյուրավոր մարդիկ են աշխատում։ Միայն այդ գործարանն է, որ չենք կարողանում վերջին հասցնել։ Ճիշտն անսած, էլի պատրաստ ենք աջակցել ինչով կարանք»,-ասել է Պապոյանը։
Նա հավելել է բազմիցս հանդիպել է Նարեկ Կարապետյանի հետ, վերջին անգամ՝ 1 ամիս առաջ։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ Վրաստանի գործընկերների հետ անցկացրած իր բանակցությունները բացառապես վերաբերել են կոնյակի հետ կապված հարցերին և ոչ թե հեղուկ գազին։ Նա այդ մասին խոսել է՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե Վրաստանում հեղուկ գազ տեղափոխող մեքենաներից կաշառք վերցնելու պատճառով գազի գինը Հայաստանում աճել է։
Նախարարի խոսքով, ինքը դիմել է Հակակոռուպցիոն դատարանին՝ այն հրապարակման առնչությամբ, որտեղ նշվում է, թե կաշառքի մեխանիզմում ներգրավված են եղել նաև Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ։
Պապոյանն իր ակնկալիքն է հայտնել, որ եթե դատարանը նման փաստ չարձանագրի, ապա հոդվածի հեղինակը պարտավոր կլինի հրապարակային հերքում անել։
Նախարարը հավելել է, որ Եկեղեցու դեմ դիրքորոշումը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգում և դեռևս չի հանվել։
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը տեսանյութում նշել է, որ Հայաստանի մարզերում նկատվում է բնակչության նվազում, իսկ երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմնարկների և ինստիտուտների բացակայությունը խորացնում է իրավիճակը։ Նա վստահություն է հայտնել, որ «Հայաստանի aրդյունաբերականացումը այլընտրանք չունի»։
Անդրադառնալով մարզերի զարգացման հարցին՝ նա ասել է, որ երկրի, ռեգիոնների գլխավոր խնդիրն աշխատանքն է և հավելել, որ սկսելու են Վանաձորից։






