Կառավարությունից պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ոչ թե վաճառել է «Վիվա Արմենիայի» իր բաժնետոմսերը, այլ նման իրավունք վերապահել իրեն:
«Մամուլում շրջանառվող՝ Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ենք, որ Կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ոչ թե հավանություն է տրվել «Վիվա Արմենիա» ընկերությունում Կառավարության բաժնեմասը վաճառելու գործարքի, այլ Կառավարության որոշմամբ թույլատրվել է Կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր:
Օպցիոն պայմանագրով Կառավարությունը ստանում է իրավունք (սակայն ոչ պարտավորություն) մինչև 2028 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած պահի պահանջելու, որպեսզի մյուս բաժնետերը Կառավարությունից գնի վերջինիս պատկանող 110 000 հասարակ բաժնետոմսերը 50 մլն ԱՄՆ դոլարով (որոշման հավելվածով նախատեսված պայմանների բավարարված լինելու դեպքում): Այլ խոսքով՝ որոշումը Կառավարությանը իրավունք վերապահելու մասին է, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը որոշվելու է հենց Կառավարության կողմից՝ ըստ նպատակահարմարության»,-ասվում է պարզաբանման մեջ։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Հայաստանի կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա» ընկերություն ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը և որ ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքից կստանա 50 միլիոն դոլար։
2024 թվականի փետրվարին «Վիվա Արմենիան» իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել էր ՀՀ կառավարությանը։






