2025–ի առաջին կիսամյակում Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների առավել մեծ աճ է արձանագրվել էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում:Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում։
Տնտեսական գործունեության այս տեսակների ծավալը նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ աճել է 11.5 տոկոսով: Ծավալների աճի ցուցանիշով երկրորդ տեղում է ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում տողում նշված տնտեսական գործունեության տեսակը՝ 1.1 տոկոս աճի ցուցանիշով, հայտնում է Արմենպրեսը։
Աճի երրորդ ցուցանիշն ունի հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանն առնչվող տնտեսական գործունեությունը՝ 0.6 տոկոս:
Մինչդեռ, մշակող արդյունաբերությունում ծավալները կրճատվել են 19.1 տոկոսով:
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը 12.1 տոկոսով ցածր է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 տրլն 257 մլրդ 746.6 մլն դրամ։ Հունիսին մեկ ամսվա կտրվածքով աճել է 2.5 տոկոսով՝ կազմելով 226 մլրդ 899.7 մլն դրամ։ Ընդ որում, նախորդ տարվա հունիսի ցուցանիշից ցածր է եղել 1.2 տոկոսով։






