AM
5 June 2009 - 11:49 AMT

Եվրոպայի լավագույն երգչախմբային կոլեկտիվներից մեկի համար Հայաստանում չի գտնվել ո’չ տարածք, ո’չ ֆինանսավորում

Մայիսի 6-11-ը Մագդեբուրգում եւ Հալեում (Գերմանիա) տեղի են ունեցել երկու միջազգային երգչախբային փառատոներ` Երգչախբային արվեստի եվրոպական գիշեր եւ Մանկական երգչախմբերի միջազգային փառատոն:

Փառատոնին մասնակցում էին Բելգիայի, Նիդերլանդների, Չեխայի, Հունգարիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Բելոռուսի լավագույն երգչախմբերը: Ինչպես Մագդեբուրգում, այնպես էլ Հալեում Հայաստանը ներկայացրել է միջազգային մրցույթների դափնեկիր Սպեղանի երգչախումբը:

«Սպեղանին» փառատոներին հանդես է եկել հարուստ համերգային ծրագրով, որում հատուկ տեղ են զբաղեցրել Կոմիտասի ստեղծագործությունները, որի 140-ամյակը նշվում է այս տարի: Հանդիսատեսները հիացմումքով են ընդունել Կոմիտասի երգչախմբային ստեղծագործությունների կատարումը, ինչպես նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:

«Սպեղանիի» համերգը Մագդեբուրգում մայիսի 9-ին սկսվել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Շուշիի ազատագրման համար զոհված հայ զինվորների:

«Յուրաքանչյուր արտասահմանյան գործուղման ժամանակ ես ստիպված եմ լինում խուսափել այն հարցի պատասխանից, թե որ երաժշտական դպրոցին կամ ակադեմիային կից է գործում «Սպեղանի» երգչախումբը: Չնայած նրան, որ երգչախումբը պարապմունքների համար չունի տարածք եւ ինչ-որ կարգավիճակ, ինչպես նաեւ անհրաժեշտ ֆինանսական օգնություն, երեխաները եւ նրանց ծնողները մեծ աջակցություն են ցուցաբերում հաջողության հասնելու եւ երեխաներին երգչախմբային բարձր արվեստին առնչակից դարձնելու համար»,- ասել է «Սպեղանիի» հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սարինա Ավթանդիլյանը Հայաստանի Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

«Սպեղանիի» մասնակցությունը Գերմանիայի փառատոներին հնարավոր է դարձել Մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ, որը, ցավոք սրտի, անօգնական է խնդիրների վերջնական լուծման հարցում` կապված տարածքի հետ:

«Պատրաստվելով փառատոներին` երգչախումբը ստիպված է եղել փորձեր անել մեկ օրում 4 տարբեր դահլիճներում: Մենք ստիպված էինք ժամանակի մեծ մասը եւ ուժերը ծախսել տարածքի որոնումների վրա, եւ , չնայած դրան, երգիչների եւ նրանց ծնողների տոկունության եւ համբերության շնորհիվ մենք կարողացանք հաջողության հասնել: Իսկ այսօր, չունենալով անհրաժեշտ ֆինանսական օգնություն եւ տարածք, ուղղակի չենք կարող շարունակել մեր գործունեությունը»,- ընդգծել է «Սպեղանիի» գեղարվեստական ղեկավար Սարինա Ավթանդիլյանը:

Արվեստաբանության դոկտոր Մարգարիտա Ռուխկյանն իր հերթին ավելացրել է.«Խնդիրը մեր բարոյականության մեջ է: Սարինա Ավթանդիլյանը, լինելով ղարաբաղյան պատերազմի հերոսի այրի, հիմնել է երգչախումբ, որի մեջ մտել են միայն պատերազմում զոհվածների երեխաները, եւ կարճ ժամանակում հասցրել է հասնել համաշխարհային երաժշտական հասարակության կողմից երգչախմբի ճանաչմանը: Սարինա Ավթանդիլյանը վերջերս դարձել է Միջազգային երգչախմբային ֆեդերացիայի անդամ, իսկ «Սպեանի» երգչախումբն այսօր դասվում է Եվրոպայի լավագույն երգչախմբային կոլեկտիվների շարքին: Չնայած դրան, երգչախմբին, որտեղ երգում են 60 երեխաներ, համարյա փողոց են շպրտել»: