AM
8 Օգոստոս 2025 - 08:46 AMT

Պապոյան․ 2025–ին 2․3 անգամ շատ տոննա ծաղիկ է արտահանվել, քան 2024–ի նույն ժամանակահատվածում

Հայաստանը 2025 թվականի առաջին յոթ ամիսներին զգալի աճ է գրանցել ծաղիկների արտահանման ոլորտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արտահանվել է. 2.3 անգամ շատ տոննա ծաղիկ (հիմնականում ձևակերպում են տոննայով)։ Մասնավորապես, եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։

15%-ով ավել հատով ծաղիկ (որոշ դեպքերում արտահանումը ձևակերպվում է հատով)։

Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 հազար հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 հազար հատ։

Հունիսին «Ռոսսելխոզնադզոր»-ը գրեթե ամբողջությամբ արգելափակել էր Հայաստանից ծաղիկների ներկրումը՝ հայտարարելով, որ դրանցում թրիփսեր (վնասատու միջատներ) են հայտնաբերվել։ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ բանակցությունների արդյունքում «Ռոսսելխոզնադզոր»-ը առցանց ռեժիմով սկսել է ստուգել տեղական ծաղկային ջերմոցները:

«Ռոսսելխոզնադզորը»՝ ամփոփելով ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հանդիպումը հայտնել էր, որ Հայաստանը տարեսկզբից ի վեր 1․5 անգամ ավելացրել է Ռուսաստան պտուղ- բանջարեղենային արտադրանքի մատակարարումները՝ հասցնելով 103․4 հազար տոննայի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 69․6 հազար տոննա), և 47 տոկոսով՝ կտրված ծաղիկների մատակարարումը (ավելի քան 71․1 մլն հատ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 48․5 մլն հատ):