AM
12 Օգոստոս 2025 - 13:16 AMT

21 ընկերություն ստացել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր․ Համատեղ ստուգումները շարունակվում են

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») մասնագետ-տեսուչները վերջին մեկուկես ամսվա ընթացքում համատեղ առցանց տեսահսկողությամբ ստուգումներ են իրականացրել Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում, հայտնում է ՍԱՏՄ-ն։

Ընդհանուր առմամբ ստուգվել է 47 ընկերություն՝ 105․4 հեկտար ընդհանուր տարածքով։ Դրանցից 21-ը՝ 85․7 հեկտարով, արդեն ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր։

«ՀՀ ՍԱՏՄ և ՌԴ գործընկեր կազմակերպության` «Ռոսսելխոզնադզորի»-ի համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը, ինչն առաջացրել էր դժգոհություն արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների շրջանում։ Վերջինները բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ պահանջելով լուծել հարցը։