ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքում նախարարն այցելել է մի շարք փողոցներ՝ դիտարկելու դրանց վերանորոգման գործընթացը։ Որոշ խնդիրների առկայության պատճառով նախարարը հանձնարարել է շտկել բոլոր թերությունները և ավարտին հասցնել ասֆալտապատումը՝ մինչև ցուրտ եղանակների սկիզբը։
Թերություններ են արձանագրվել նաև Աշոցք – Բավրա ճանապարհի հիմնանորոգված հատվածում։ Այս կապակցությամբ Դավիթ Խուդաթյանն շինարարներին հանձնարարել է ամբողջությամբ վերացնել անորակ աշխատանքը և նոր ասֆալտաշերտ տեղադրել․ հակառակ դեպքում կառավարությունը տվյալ ճանապարհահատվածի ֆինանսավորումը չի իրականացնի։
Շինհրապարակներում նախարարն ընդգծել է, որ ոչ մի թերի աշխատանք չի ընդունվելու և դրա դիմաց վճարում չի նախատեսվում։ Նա նաև հայտնել է, որ բոլոր ճանապարհների հիմնական շինանյութերը ենթարկվելու են ստուգման պետական լաբորատորիայում։
Խուդաթյանը եղել է na7 Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1.5 կիլոմետրանոց հատվածում, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այնուհետև դիտարկվել է Զարինջա–Շիրակի մարզի սահմանը միացնող 2.5 կմ և Տ-7-20, Ձիթհանքովից մինչև Արագածոտնի մարզի սահմանը ձգվող՝ 1.8 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ընթացքը։ Այս 499 մլն դրամ արժողությամբ ծրագիրը մեկնարկվել է 2025 թվականին։
Մեկ այլ սուբվենցիոն նախագծով իրականացվում է նաև Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հրաչյա Շահինյան փողոցի 1 կմ հատվածի վերանորոգումը, որը ներկայում ակտիվ փուլում է։ Նախարարը այցելել է նաև Արթիկ համայնք, որտեղ մի շարք փողոցներում ընթանում են բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ։
Շիրակի մարզի Նոր Կյանք բնակավայրում Խուդաթյանն այցելել է «LEAD4Shirak» ծրագրի շրջանակում Եվրամիության համաֆինանսավորմամբ կառուցված վարդերի ջերմատուն։






