Սեպտեմբերի 5-ին Երևանում կկայանա Հայաստան– ԵԱՏՄ համաժողովը։ Այդ մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հայկական շարժման առաջնորդ, «Անմահ գունդ» միջազգային շարժման համակարգող Մհեր Ավետիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ համաժողովին ներկայություն են ցուցաբերելու ճանաչված քաղաքական և տնտեսական վերլուծաբաններ, իսկ հիմնական բանախոսները լինելու են քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սիմեսը և Ֆյոդր Լուկյանովը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունները, ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների վրա», – նշել է Ավետիսյանը։
Օգոստոսի 14-15-ը, Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում ծրագրված է Եվրասիական տնտեսական խորհրդի միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ավելացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինելու այս նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։






