Կառավարությունը նախատեսում է փոփոխություն կատարել 2025 թվականի պետական բյուջեում՝ ավարտին հասցնելու «Իրան–Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գիծ և ենթակայան» ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 106 մլն 800 հազար, որի 85%-ը տրամադրվում է Իրանի արտահանման զարգացման բանկի վարկով, իսկ մնացած 15%-ը՝ կապալառուի փոխառությամբ։
Պահանջվող գումարը հատկացվելու է էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման այլ ծրագրից՝ «Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» միջոցառումից։ 2025 թվականի 9 ամսի համար նախատեսված գումարից կկրճատվի 828 մլն դրամ, տարվա համար՝ 1 մլրդ 35 մլն դրամ, որը վերաբաշխվելու է 2026–2028 թվականներին։
Ծրագիրը մեկնարկել է 2006-ին, սակայն 2023-ին «Նորավան» ենթակայանում գրանցվել է միջադեպ՝ երկու հզոր տրանսֆորմատորներից (200 ՄՎԱ) գողացվել են պղնձե փաթույթներ, ինչի հետևանքով դրանք դարձել են անօգտագործելի։ Կապալառու «Սանիր» ընկերությունը չի ունեցել բավարար միջոցներ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։
2024 թվականի նոյեմբերին կառավարությունը որոշել է երկու տարում` 2024 և 25 թվականներին տրամադրել 2 մլրդ 7 մլն դրամ բյուջետային վարկ։ 2024-ի գումարն արդեն փոխանցվել է, իսկ 2025-ի հատկացումը պահանջում է բյուջեի փոփոխություն։
Որոշման ընդունմամբ՝ հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին կհասցվի ծրագիրը, ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից կհասնի մինչև 1200ՄՎտ-ի, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը, հուսալիությունը և կայունությունը, հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում:






